Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/38

Այս էջը հաստատված է

ես գործակատարներ ունեմ և ավելորդ մարդ ինձ հարկավոր չէր։ Հայրդ ինձ հետ պայմանավորվեց և ես ընդունեցի, որ դու ինձ մոտ մնաս ոչ թե մի կամ մի քանի տարի ժամանակով, այլ մշտական, որքան որ մենք իրարու հարկավոր կլինենք։ Ուրեմն, այսօրվանից ոտով-գլխով ինձ ես պատկանում և իմացիր, որ պարտավոր ես այսօրվանից մոռանալ քո ծնողներին և բոլորովին հպատակվել ինձ և իմ կամքին։ Շաբաթական մի անգամ իրավունք եմ տալիս քեզ տեսնել ծնողներիդ, այն էլ կիրակի օրերը, երբ գործ չես ունենալ, կգնաս կարճ ժամանակով և էլի շուտով կվերադառնաս։ Մի խոսքով, այսօրվանից դու կատարելապես ինձ ես պատկանում հոգով և մարմնով։ Ես դառնում եմ քո տերը, ծնողը, գլխավորը, աղան և ամեն ինչ։ Դու պիտի կատարես այն, ինչ որ ես կհրամայեմ և ինչպես ես կկարգադրեմ։ Եթե ասեմ մածունը սև է — չհամարձակվես հակառակել, թե նա սպիտակ է։ Եթե ասեմ նստի՛ր — պիտի նստես, ասեմ վեր կա՛ց — վեր կենաս, կե՛ր — ուտես, ծիծաղի՛ր — ծիծաղես, լացի՛ր — լաց չինես։ Ինչ երկարացնեմ, եթե կրակի մեջ էլ ուղարկեմ, պիտի գնաս։— Լսո՞ւմ ես։

— Լսում եմ, աղա:

— Զգուշացնում եմ քեզ, եթե այդ բոլորը կկատարես, խոնարհ, խոսք լսող, աշխույժ, գործ կատարող և հավատարիմ կլինիս — ես շուտով քեզ կառաջացնեմ, և ժամանակով մի կտոր հացի տեր կլինես, իսկ եթե ոչ — այն ժամանակ մեղքը քո վզին, քեզ կարձակեմ դատարկ ձեռքով։ Գլխավոր պարտքդ պիտի լինի ամեն ժամ ու րոպե իմ շահերն աչքի առջև ունենալ և աշխատել նրանց միշտ պաշտպանել։ Ես առևտրական մարդ եմ, գաղտնի գործեր ունիմ, դու պարտավոր ես նրանց մասին ոչ ոքի նույնիսկ քո ծնողների մոտ չխոսել։ Լեզուդ թող համր լինի ուրիշների մոտ իմ գործերի վերաբերությամբ, իսկ ուրիշների գործերի մասին ինձ մոտ ազատ և արձակ։ Եթե մի տեղ կամ մի մարդուց իմ մասին լավ կամ վատ խոսք լսես, պարտավոր ես իսկույն գալ և ինձ հայտնել։

— Ես կաշխատեմ բոլոր ձեր պատվերները կատարել