Գարնան մոտենալով՝ Մելանիան օրեցօր դառնում Էր մտախոհ ու լուրջ։ Այժմ նա այլևս չէր հետաքրքրվում սալոնային կյանքով։ Նա նույնիսկ ձանձրացել էր այդ արիստոկրատիկ համարված շրջաձևի կեղծ ու պատիր կանոններից ու հիասթափվել է ինչպես մի երեխա արդեն ծանոթ խաղալիքի վերաբերմամբ։
Նա նկատելու չափ գունատվել էր, բայց աչքերի հուրը քանի գնում սաստկանում էր։ Նա խոսում էր սակավ, աշխատում էր Սամսոնի հետ երես առ երես չմնալ, փախչում էր, որքան կարող էր, նրա գգվանքներից, մանավանդ հանբույրներից։ Նա ավելի ու ավելի ամփոփվում էր ինքն իր մեջ։
Շաբաթը երկու անգամ նա Փիրուզյանին հյուր է ընդունում և ճաշին՝ պահում — Սամսոնի ցանկությամբ։ Վարվում էր նրա հետ իբրև ազգական, պարզ, համարձակ, բայց առանց որևէ մտերմության, միշտ պահելով իր և նրա մեջ որոշ չափի տարածություն։ Նրա մեջ կատարվում էին զարմանալի փոփոխություններ։ Դեռ մի տարի առաջ մի հասարակ կին էր, գրեթե մեկն իր նախկին՝ շրջանի կիսաթմրած է ակներից։ Տեղափոխվելով ուրիշ քաղաք, հանկարծ փոխվեց նոր կյանքի ասպարիզում, դարձավ սալոնային կին։ Այժմ նա լրջամիտ էր և մտախոհ, որպես թե նրա գլուխը լեցուն էր համամարդկային հոգսերով։
Եվ այսքան փոփոխություններ ընդամենը մի տարվա ընթացքում:
Սամսոնը ուրախ էր նրա այս վերջին տրամադրությանը, ավելի, քան արիստոկրատիկ ձգտումներին։ Բայց նա չգիտեր, որ հանգստությունն արտաքին է, որ Մելանիայի մեջ տեղի ունի ինչ-որ փոթորիկ և նրա արյունը ավելի ու ավելի է բորբոքվում, չնայելով ճակատի մռայլին, երեսի գունատությանը։
Մի անգամ Սամսոնը տուն վերադառնալով, անմիջապես անցավ ննջարանը երբ աղախնից իմացավ, որ Մելանիան այնտեղ է։ Բաց անելով դռները, նա բևեռվեց շեմքի վրա։ Նա հանդիպեց մի անսովոր, չտեսնված տեսարանի։ Քանի մի քայլ հեռու, շքեղ տրյումոյի առջև, կանգնած էր Մելանիան՝ կիսամերկ, ոտաբոբիկ։ Նա դիտում էր իրան ոտից մինչև գլուխ։ Նրա բաց կուրծքը, սպիտակ ուսերը նկարվել էին արեգակի