Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/386

Այս էջը հաստատված է

ջերմ շողերով ողողված սենյակի մեջտեղում որպես մի կլասիկական արձան, որպես մեկը Քանովայի ախտաբորբոք ձեռակերտներից։ Միայն կենդանի, շարժական արձան, որ շուրջը տարածում էր հեշտանքի կիզիչ շողեր։ Եվ այս շողերի մեջ նա լողում էր ինչպես մարմնացած կիրք։ Բայց որպիսի քնքուշ, արբեցուցիչ ու կորուսիչ կիրք իր կանացի ամոթխածության մեջ իսկ։

Արյունը խփեց Սամսոնի գլխին, աչքերը մթնեցին։ Նա կամացուկ, ոտների ծայրերի վրա, մոտեցավ հետևից։ Նա ուզում էր զրկել այդ կիսամերկ մարմինը, որ իրան և միմիայն իրան էր պատկանում, և խեղդել իր գրկի մեջ կրքերի բուռն թափով։ Մելանիան երեսը հետ դարձրեց մի քայլ հեռու կանգնեց՝ առանց մազի չափ շփոթվելու։

Ի՞նչ ես անում այդ,— գոչեց Սամսոնը, բարկացած ձևանալով։

— Հանում եմ ինձանով,— պատասխանեց Մելանիան, կարծես մարդուն ավելի գրգռելու համար։

— Մելա՛նիտ, ի՞նչ է պատահել քեզ։ Դու շատ ես փոխվել, դու այդպիսի կին չէիր։

Մելանիան սկսեց լուռ հագնվել։ Հագուստը սփռվել էր հատակի վրա անկարգ, որպես անփույթ դերասանուհու զգեստները թատրոնական հանդերձարանում:

— Մելա՛նիա, այդ քեզ իսկի չի սազում։

— Ինչո՞ւ։

— Դու հայ կին ես։

— Հայ կինը արյուն չունի՞— պատասխանեց Մելանիան, հեգնարար ժպտալով։

— Արյո՞ւն,— կրկնեց Սամսոնը, այս մի հատիկ բառի մեջ զգալով ինչ-որ չար և սոսկալի իմաստ։

— Արյո՛ւն, այո՛, արյո՜ւն։

— Բայց գիտե՞ս ովքեր ունին այդպիսի արյուն։

— Կոկետուհիները,— լրացրեց Մելանիան անփույթ եղանակով, ժողովելով ուսերին սփռված խիտ մազերը։

Սամսոնը կաշկանդվեց նրա համարձակությունից։

Մելանիան, թեքվելով, որ անկողնակալի տակից դուրս բերի հողաթափերը, ավելացրեց․