ամենայն զգուշությամբ,— ասացի ես, խոնարհությամբ գլուխ տալով։
— Եթե կկատարես — քեզ համար լավ կլինի, եթե ոչ — ինձ շատ էլ վնաս տալ չես կարող։ Դե՛հ, գնա և խոսքերս ականջումդ լա՛վ պահիր։ Իմացիր, որ ես բարկացող մարդ եմ և սովորություն չունիմ ասածներս երկրորդ անգամ կրկնել։ Եթե մի անգամ սխալվեցիր կամ իմ տված պատվերները մոռացար — այն ժամանակ վա՛յ քեզ:
Կրկին անգամ գլուխ տվեցի և հեռացա։
Այդ երեկո ես անցկացրի ծառաների հետ, որոնցից, շնորհիվ իմ հետաքրքիր բնավորության, տեղեկացա աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական մի քանի գործերին:
Աղա Գուլամյանցները երեք եղբայրներ էին: Ամենամեծը նրանցից աղա Ստեփանն էր, որ տարվա գրեթե մեծ մասը անց էր կացնում Շ… գավառի զանազան գյուղերում: Աղա Գուլամյանցների վաճառականության գլխավոր տարրը կազմում էր գինու առևտուրը: Ամեն տարի նրանք ուղարկում էին Ռուսաստանի զանազան կենտրոնական քաղաքները մեծ քանակությամբ գինի: Շրջակա գլխավոր գյուղերի այգեգործությունը մեծ կապ ուներ նրանց հետ։ Չկար խաղողի այգի ունեցող մի գյուղացի, որն այսպես թե այնպես կապված չլիներ Գուլամյանց առևտրական տան հետ: Ամբողջ Շ… գավառի գինու արտահանությունը չնչին բացառությամբ գտնվում էր նրանց ձեռքում և, ինչպես պատմում էին, նրանց հարստության մեծ մասը գոյացել էր գինու առուտուրից: Օգտվելով այն հանգամանքով, որ գյուղացիները առհասարակ գարնան ժամանակը փողի մեծ պակասություն են զգում և ունենալով միշտ պատրաստի դրամագլուխ,— աղա Գուլամյանցներն ամեն տարվա այդ ժամանակին գյուղացիներին կանխիկ վճարում էին ահագին տոկոսներով փողեր և պարտավորեցնում նրանց գրավոր կապակցություններով, որ նրանք աշնանն այգիներից գոյացած խաղողը կամ պատրաստի գինիները ծախեն իրանց վրա: Որովհետև չկար մի ուրիշ դրամատեր, որ կարողանար մրցել աղա Գուլամյանցների հետ, այս պատճառով վերջինները գյուղացիների հետ վարվում էին այնպես, ինչպես կամենում էին։