— Ե՞ս,— կրկնեց Մելանիան,— ես բոլորովին առողջ եմ...
Եվ, կարծես, հանկարծակի մի բան հիշելով, նկատելու չափ գրգռված, ավելացրեց.
— Լա՛վ կանես, որ քո մասին մտածես։
— Ինչո՞ւ, ես է՞լ բոլորովին առողջ չեմ:
— Դո՞ւ... այո... առողջ չես...
Սամսոնը զարմացած նայեց կնոջ երեսին։
— Մելա՛նիա, ի՛նչ ես ուզում ասել։ Ես առողջ եմ և միշտ էլ առողջ եմ եղել։
— Է՜հ ավելի լավ, շատ ուրախ եմ։
— Այդ ի՞նչ տեսակ ես խոսում, Մելա՛նիա։ Ասա՛։
— Ասե՞մ,— կրկնեց Մելանիան՝ հանկարծ մի համարձակ հայացք ձգելով ամուսնու աչքերի մեջ։
— Ասա՛։
— Դու պահանջո՞ւմ ես։
Մելանիան, գլուխը թեքելով կրծքին, սկսեց մատներով նյարդային արագությամբ պտտեցնել սեղանի վրա դրած ծխախոտատուփը։
— Բայց ավելի լավ է չխոսել այդ մասին,— ասաց նա վերջապես, տուփը սեղանին զարկելով և ոտքի կանգնեց։
Սամսոնը քանի գնում, ավելի ու ավելի էր հետաքրքրվում։
Կնոջ խոսքերի մեջ զգում էր մի հետին թունալի միտք, մի միտք, որ անշուշտ վաղուց է Մելանիային զբաղեցնում։ Նա ինքն այդ միտքը բացատրեց այլ կերպ։
— Մելա՛նփա, եթե չես ասիլ, կնեղանամ։
— Էհ, շա՛տ լավ, որ ստիպում ես կասեմ։ Դու հիվանդ ես։
Մի վայրկյան Սամսոնը կարծեց, թե կինը կատակ է անում, թեև սպասում էր լսել նրանից հենց այդ պատասխանը։
— Ես հիվա՞նդ եմ, ե՞ս, — գոչեց նա ծիծաղելով։
Եվ նրա ծիծաղը հնչեց այնքան թառամ, այնքան ծերունական, որ Մելանիան ակամա ցնցվեց։
— Ես հիվա՞նդ եմ. ե՞ս,— կրկնեց Սամսոնը այս անգամ լուրջ,— ասա՛, ինչո՞վ։