Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/391

Այս էջը հաստատված է

— Թո՛ղ, ի սեր աստծու...

— Հիմա չեմ թողնիլ, մինչև որ բոլորը չասես։ Տեսնում եմ, դու իմ մասին վատ կասկած ունիս։ Դու ինձ զրպարտում ես. գիտե՞ս, զրպարտում ես... ես կյանքումս հիվանդ չեմ եղել...

— Այո... կարելի է... բայց ես այդ չէի ուզում ասել...

— Ուրեմն ի՞նչ, ասա՛ ի՞նչ է իմ հիվանդությունը...

Մելանիան գլուխը հանդարտ բարձրացրեց, ուղիղ նայեց ամուսնու երեսին և արտասանեց.

— Ծերությունը...

Որրա՜ն վիշտ, որքան կծու հեգնանք կար այս մի հատ բառի մեջ։ Վիշտ՝ Մելանիայի, հեգնանք՝ Սամսոնի համար։ Եվ մի վայրկյանում հիսունչորս տարեկան մարդը ծերացավ ամբողջ տասը տարով։

Ահա՜ այն վայրկյանը, որին վերջին ժամանակ սպասում էր ամեն օր, ամեն ժամ, և սպասում ներքին սարսափով։

— Ես ծե՞ր եմ,— կրկնեց նա անեռանդ ձայնով և մի տեսակ հուսահատությամբ։

— Այո՛, դու ծեր ես, միթե չգիտեի՞ր։

Սամսոնը թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։

Մելանիան կամացուկ դուրս գնաց սենյակից...

V

Անգո՜ւթ կին. նա չկամեցավ գեթ սակավ ինչ մեղմացնել յուր անողոք խոսքերի ուժը:

Մեղմացնե՞լ, բայց ինչո՞ւ. միթե նա սո՞ւտ ասաց կամ զրպարտեց: Նա ասաց ա՛յն, ինչ որ ծանրացել էր իր սրտի վրա, այն, ինչ որ ճնշում էր հոգին, թունավորում կյանքը. ասաց զուտ ճշմարտությունը։ Սակայն ի՞նչ. թեթևացա՞վ նրա հոգին։ Օ՜, ոչ, ընդհակառակը, այժմ նա ավելի է մտածում յուր ճակատագրի մասին, քան մտածել էր մինչև այդ պահ։

Տե՜ր աստված, ինչո՞ւ խաբվեց։ Մի՜թե նրա ծնողները կատարյալ բռնակալներ էին։ Բնա՛վ։ Նրան տրված էր որոշ չափով ազատություն, գոնե պայմանական ազատություն, որպիսին «ժամանակակից» ծնողները տալիս են օրիորդներին։