Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/393

Այս էջը հաստատված է

դահլիճը։ Հարկավ, մնացյալ սենյակներն էլ համապատասխան շուք ունեին։ Ախոռատանը խրխնջում էին մի զույգ նոր ձիեր, այս անգամ մոխրագույն, պոչերը կտրած։ Գլխավոր մուտքի մոտ կանգնած էր պարթևահասակ շվեյցարը, իսկ մարմարիոնյա սանդուղքը գարգարված էր գեղեցիկ արձաններով ու թանկագին տրոպիկական բույսերով։

Եվ այս բոլորը Մելանիայի, միա՛յն Մելանիայի հաճույքի համար, այնքան էր սիրում նրան Սամսոնը։ Այնինչ ինքը՝ Սամսոնը, որքա՜ն փոխվել էր այս վերջիս։ Երկու շաբաթվա ընթացքում։ Ոչ միայն նիհարել էր, այլև ավելի ծերացել, այլև մեջքից բավական կորացել։ Այժմ նա լուռ էր, որպես անշարժ ջուր։ Մի միտք արճիճի պես ծանրացել էր նրա հոգու վրա։ Այդ նույն միտքն էր, որ վերջին տարիները հալածում էր նրան և որից այժմ ազատվելու հնար չէր գտնում...

Քաղաք բերելով Մելանիային, նա հարցրեց՝ արդյոք առաջիկա սեզոնին ինչպե՞ս է կամենում կարգադրել կյանքը։ Պիտի անցյալ ձմեռվա պես դռներր բա՞ց անի բազմաթիվ ու բազմատեսակ ծանոթների առջև, թե՞ ուզում է ուրիշ կերպ ապրել։

Մելանիան հիացած էր նոր բնակարանով ու նոր կահ-կարասիով, բայց ոչ այնպես, ինչպես մի տարի առաջ էր հիանում ամեն մի շքեղությամբ։

Նա պատասխանեց — վճռել եմ այսուհետև ուրիշ կերպ ապրել։

— Ի՞նչպես։

— Ուզում եմ հասարակական գործերով զբաղվել։ Իրավունք կտա՞ս:

— Արա՛, ինչ որ սիրտդ ուզում է, միայն թե չտխրես։ Ես չեմ սիրում քեզ տխուր տեսնել։

Այս բոլորովին անկեղծ էր. Սամսոնը չէր կամենալ Մելանիային տխուր տեսնել կամ, ավելի ճիշտ, վախենում էր նրա տխրությունից։ Բարվոք կհամարեր նրան տեսնել գործերով զբաղված, քան ինքն յուր մեջ ամփոփված։ Պարապությունը, նրա կարծիքով, կարող էր երիտասարդ կնոջը տանել դեպի ո՛վ գիտե ինչ վտանգավոր մտքեր...

Մելանիան սկսեց զբաղվել հասարակական գործերով: