թույլ երակը և աշխատրում էր շոյել նրան։ Ահա ինչու Սամսոնը իսկապես սիրում էր նրան։ Այդ երիտասարդի մոտ նա էլ չէր զգում յուր ծերությունը։
Ամեն կիրակի, երբեմն նաև շաբաթամիջին, Փիրուզյանը ճաշում էր Ֆրանգուլյանի տանը։ Գալիս էր ճաշից շատ առաջ և հեռանում ճաշից շատ հետո։ Երբեմն Մելանիային հանդիպում էր տանը մենակ, և միշտ ազգականի պարզ հարգանքով էր վերաբերվում դեպի նա։ Այնինչ, Մելանիան շարունակ ցույց էր տալիս անտարբերություն, երբեմն նույնիսկ սառնություն։ Միևնույն ժամանակ, այլևս Սամսոնի հետ չէր խոսում Փիրուզյանի մասին։ Կարծես, նրա համար միևնույն է. կա՞ այդ մարդը, թե՛ չէ։ Բայց և այնպես, այժմ էլ նա երբեմն մտքում համեմատում էր Սամսոնի հետ և միշտ մտածում. ինչո՞ւ Սամսոնը նրա հասակի չէ։ Ա՜խ, այն ժամանակ Մելանիան երջանիկ կլիներ։ Իսկ այժմ նրա արյունը չի հուզվում Սամսոնի մերձավորությունից և այս կատաղեցնում է նրան: Մինդեռ հուզվում է, երբ մի վայրկյան ազատություն է տալիս իրեն և դիտում Փիրուզյանի առնական ուժով տոգորված դեմքը, նրա աչքերի երիտասարդական փայլը։
Մի օր Փիրուզյանը եկավ ա՛յն միջոցին, երբ Սամսոնը տանը չէր և շուտ էլ չպիտի վերադառնար։ Մելանիան ընդունեց նրան ամուսնու կաբինետում և ընդունեց ավելի սառը, քան ամուսնու ներկայությամբ։
— Սամսոնը տանը չէ,— շտապեց ասել նա:
— Ափսո՜ս,— արտասանեց Փիրուզյանը և խոր հայացքով նայեց Մելանիայի աչքերին։
Այդ հայացքը թե՛ բարկացրեց և թե շփոթեցրեց Մելանիային:
— Գո՞րծ ունեիք հետը,— հարցրեց նա։
— Այո՛։
— Այսօր շատ ուշ կգա տուն։ Ճաշի է հրավիրված։
Նա կամենում էր հյուրին ճանապարհ դնել, բայց հյուրը նրա ձեռքի թեթև շարժումից օգտվելով, նստեց Սամսոնի գրասեղանի քով։ Նա միանգամայն կատաղեցնում էր Մելանիային իր երեսի թարմ գույնով, իր աշխույժ ձևերով, այն