տա՞կ անել նրա պատիվը։ Օ, ո՛չ, այս արդեն ծայրահեղ ապականություն կլինի, անասնություն: Ուրեմն ի՜նչ անել, մոռանա՞լ Մելանիային։ Ո՛չ, արդեն այդ կինը շատ հրապուրիչ է, արդեն նա բավական խոր տեղ է բռնել Փիրուզյանի սրտում։ Մոռանալ անհնարին է։ Եվ ինչո՞ւ մոռանալ. միթե նա հիմա՞ր է, միթե չգիտե՞, որ ի՛նչ որ հաճելի է իրեն, հաճելի է և՛ Մելանիային, որ սիրուն տիկինը ուզում է զգալ ու ապրել, որ նա, իսկապես, ատում է իր կողակցին, թեև գուցե հարգում, որ նա շատ էլ նախապաշարված կին չէ, որ դարավերջի ապականությունը նրա հոգեկան աշխարհի վրա ունեցել է որոշ ներգործություն, որ վերջապես, ոչ մի կին, նույնիսկ հայ կինը, չի կարող տղամարդի մեջ չսիրել հանդգնություն աստված բանը, մանավանդ եթե տղամարդը երիտասարդ է և ոչ այնքան էլ տգեղ...
Վճռված է։ Աշխարհի երեսին ամեն ոք ունի իրավունք ապրելու, իսկ մի երիտասարդ կին ու մի երիտասարդ տղամարդ՝ նամանավանդ։ Եվ չկա օրենք, որ կարողանա խանգարել նրանց ապրելու։ Կյանքը բարձր է բարոյականությունից։ Ինքը, բարոյականություն ասված միտքը առաձգական է, նրա կանոնները փոխվում են ժամանակի ընթացքում։ Այժմ իսկ այդ կանոնները տարբեր են զանազան կլիմաների տակ, զանազան մարդկային համայնքների ու կրոնական համախմբերի մեջ։ Մի բան է միայն անփոփոխ — մարդկային սիրտը։ Անփոփոխ մի ձգտման մեջ — զգալ ու վառվել սեռային կրքով, քանի որ ընդունակ է վառվելու։ Լավ է առաքինի մարդ մնալը, բայց բնության ուժը անհաղթելի է կենդանի մարդու համար, նաև գերադասելի բարոյականությունից։ Հիմա՜ր մարդիկ, տեսե՛ք. դուք խոսում եք թռչունների մաքրության մասին, մի՞թե աղավնիներն այնչափ միամիտ են, ինչպես կարծում էր քրիստոսը։ Ո՞վ է ստեղծել ընկերական կյանքի կանոնները, այդ բարոյականություն կոչված անտեսանելի, անշոշափելի շինության հիմքը։— Մարդի՞կ, Էէ՜, ուրեմն մարդիկ չունի՞ն իրավունք քանդելու այն, ինչ որ ինքնըստինքյան խորտակվում է ժամանակի ավերիչ ուժից:
Մի ուիիշ խնդիր, որ Փիրուզյանին զբաղեցրեց, Սամսոն Ֆրանգուլյանի լավ մարդ լինելն էր։ Արդյոք, այս ճշմարի՞տ