Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/404

Այս էջը հաստատված է

ա՛յն, ինչ որ վաղուց է թառամել Սամսոնի մեջ։ Լավ մարդ է, թե վատ, խելոք է, թե հիմար, բարոյական, թե անբարոյական,— այդ չէ խնդիրը։ Երիտասարդ է — ահա գլխավորը։ Եվ ունի իրավունք ասելու, թե Մելանիան չի ապրում ու չի կարող ապրել լի կյանքով մի ծերունու հետ։

Ամեն օր Փիրուզյանը գալիս էր իր ազգականի մոտ գործի վերաբերմամբ խոսելու։ Սամսոնը վաղուց էր դադարել մտածել դրամական շահերի մասին։ Եվ այս ոչ այն պատճառով, որ փողից կուշտ էր, այլ գլխավորապես այն պատճառով, որ այժմ այլևս կյանքի քաղցրությունը դրամի մեջ չէր տեսնում, որպես առաջ։ Նա անգործ տխրում էր,— ահա ինչու համոզվեց կապալը վերցնել։ Իրավունք տվեց Փիրուզյանին մանրամասն տեղեկանալ պայմանների մասին և ժամանակին հիշեցնել աճուրդի օրը։

Որքան Մելանիան անկեղծ փափագում էր առաջվա պես փախչել Փիրուզյանից, այնքան ավելի այժմ ներքին ուժը մղում էր նրան դեպի երիտասարդ տղամարդը։ Նա զգում էր, որ վաղ թե ուշ այս ակամա հակումը կարող է Սամսոնի աչքին ընկնել։ Վախենո՞ւմ էր ամուսնուց։ — Ոչ, վախենում էր իր խղճից, չէր ուզում նրա դեմ որևէ հանցանք գործել։ Զգում էր, որ իր դրությունը վտանգավոր է, որ կարող է կուրանալ, մոլորվել ու ընկնել առաջին պատահողի գիրկը, թեկուզ այդ առաջին պատահողը լինի անցորդի մեկը։ Ահա ինչու ատելով Փիրուզյանին, երկնչում էր նրա մերձավորությունից, ինչպես մի թունալի ու սոսկալի ախտից։ Ախտ, որ թեև հաճելի ու արբեցուցիչ, բայց կործանիչ է։

Եվ նա կռվում էր ինքն իր հետ։ Երբեմն զգում էր, որ մտքի ուժը ահա, ահա պիտի հաղթվի կրքերի զորությունից։ Այսպիսի րոպեներին նա կարոտում էր Սամսոնի օգնությանը։ Թող այդ մարդը նրա հետ վարվի խիստ, անողոք. այս և միայն այս կարող է Մելանիային փրկել, պահպանել նրան հնարավոր անկումից։ Երբեմն նա փափագում էր, որ Սամսոնը խանդե, թեկուզ անտեղի զայրանա, կատաղի և կշտամբե նրան ամենավիրավորական խոսքերով։

Մինչդեռ Սամսոնը ոչ միայն չէր խանդում, այլև վերին