աստիճանի համբերող էր: Գոնե այսպես էր երևում արտաքուստ։
—Այսօր միասին գնանք օպերա,— ասում էր Մելանիան, որ սովորաբար մենակ էր գնում թատրոն։
—Լա՛վ, գնանք,— պատասխանում էր Սամսոնը, թեև ատելով ատում էր օպերան։
— Այսօր սպասավորին հրամայել եմ այսուհետև ցիլինդրով ու սյուրթուկով նստել կառապանի մոտ։ Չերքեզկան ու դաշույնը զահլես տարել են։
—Լավ ես արել,— պատասխանում էր Սամսոնը, թեև ամեն մի ցիլինդրի թշնամի էր, մանավանդ սպասավորների ցիլինդրին։
— Էգուց խոհարարին ուզում եմ արձակել, չեմ հավանում։
—Արձակի՛ր,— պատասխանում էր Սամսոնը, թեև խոհարարը շատ լավ էր պատրաստում նրա սիրած կովկասյան կերակուրները։
Այս անսահման հլությունը, վերջապես, սկսեց ձանձրացնել Մելանիային։ Ի՞նչ է նշանակում այս։ Ինչո՞ւ Սամսոնը այդպես խեղճացել է, կամքից զրկվել և ներկայացնում է իր դասակարգի մարդկանց կատարյալ հակապատկերը: Անկարելի է, որ այդ հեզությունը մի հետին միտք չունենա, մի ավելի խոշոր պատճառ, քան սերը դեպի Մելանիան։
Մի օր Մելանիան փորձի համար ասաց, թե վճռել է անգլերեն լեզվի դասեր վերցնել։ Կա մի պոլսեցի երիտասարդ ուսուցիչ, որին ուզում է վարձել։
— Էհ, փորձի՛ր, եթե ուզում ես,— համաձայնվեց Սամսոնը։
— Ուրեմն, թո՞ւյլ ես տալիս։ Իսկ Խուդանովն իր կնոջը չի թույլ տալիս։
— Խուդանովն ինձ համար օրինակ չէ։ Լեզուներ սովորելը լավ բան է։ Ասում են՝ մի լեզու իմացողը մեկ մարդ է, հինգ լեզու իմացողը — հինգ մարդ։
Մելանիան մի անհամբեր շարժումն արավ և լռեց։
Գնալով Սամսոնի հլությունը սկսեց նրա համար դառնալ արդեն ոչ միայն ձանձրալի, այլև... զզվելի, այլևս այդ հլության