Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/408

Այս էջը հաստատված է

Եվ, անցնելով սենյակի մյուս ծայրը, հետ եկավ ու ավելացրեց.

— Զգո՜ւյշ, Մելա՛նիա, եթե ուզենամ վատ մարդ լինել, շա՛տ վատ կլինեմ, իմացի՛ր, շա՛տ վատ։

Այս ասվեց հասարակ եղանակով, բայց այնպիսի համոզիչ ուժով, որ Մելանիան մի վայրկյան սարսափեց։ Նայեց ամուսնու երեսին և զգաց, որ, արդարև, եթե Սամսոնը կամենա, կարող է շատ վատ ամուսին դառնալ։ Նրա խորշոմած մռայլ ճակատը այդ պահին սքողված էր տարօրինակ ստվերով։ Կիսաթառամ աչքերի մեջ երևում էր տանջող խանդի կուրությունը, որ կարող է անգամ հանցանք գործել։

Բայց այնուամենայնիվ Մելանիան չզղջաց։ Նա ասաց․

— Ինչ ուզում ես, արա՛, միայն փոխվիր։ Կամ եթե մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող։

Ասաց, կարծես, հակառակ իր կամքի․ միայն ենթարկվեմ լով ինչ-որ տարերային ուժի ազդեցության...

IX

Այսպես, ուրեմն, Սամսոնը շատ է սիրում Մելանիային։ Իսկ Մելանիան, ընդհակառակը, ուզում է ատվել նրանից։ «Ուզում եմ, որ հարբած տուն գաս, հայհոյես ինձ, ծեծես»։ Եթե Սամսոնը այդ չի կարող անել, թող վարվի նրա հետ այժմյան ամուսինների պես։ «Խաբիր ինձ, դավաճանիր, աչքիս առջև սիրուհիներ պահիր»։

Եթե Սամսոնը մինչև այժմ կասկածում էր, այսօր համոզվեց, որ ինքն արդեն ատելի է դարձել Մելանիայի համար։ Ահա ինչու Մելանիան պահանջում է, որ Սամսոնն ատի նրան․ նա փոխադարձություն է պահանջում։

«Կամ հին մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող»,— հնչում էր Սամսոնի ականջին Մելանիայի վերջին խոսքերը։ Ո՞րը լինել. բռնակա՞լ, թե՞ դավաճանող։ Դավաճանել Մելանիային։ Օ, ո՛չ․ այս չի կարող անել Սամսոնը։ Նրա հայացքով տղամարդուն ներելի է անել ամեն ինչ, քանի որ ամուրի է, իսկ երբ մի անգամ մարդ ամուսնացավ,