Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/415

Այս էջը հաստատված է

Հարված և ավելի զորեղ։ Եթե նա Սամսոնից երիտասարդություն է պահանջում, Սամսոնն էլ պահանջում է նրանից հիշել անցյալը։ Նրան ողորմություն են արել, դուրս բերել չքավորությունից և հարուստ ու շքեղ ապարանք մտցրել։ Նա երախտամոռ է և իր վիճակի համար փոխանակ շնորհակալ լինելու՝ հանդիմանում է բարերարին։

Մի քանի վայրկյան Մելանիայի մտքերը շփոթվեցին։ Սակայն մի բան նրա համար պարզ էր ավելի, քան երբևէ. այն, որ վերջապես, հասել է ժամանակը, երբ պիտի երես առ երես կանգնի այդ մարդու դեմ, անդիմակ, և ասի բոլորը, ինչ որ կուտակվել է սրտում վերջին երկու-երեք տարվա ընթացքում։

XI

Նա ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, կարծես, ուշը ժողովելու համար։ Աա՜, ուրեմն Սամսոնը նրան բարերարությո՞ւն է արել, ամուսնանալով նրա հետ։

— Եթե երեսովս պիտի տայիր աղքատությունս, ինչո՞ւ ամուսնացար,— գոչեց նա,— ինչո՞ւ ամուսնացար։

— Երևի նրա համար, որ դու էլ երեսովս տաս ծերությունս,— հեգնեց Սամսոնը։

— Ես ունիմ իրավունք, դու չունիս։ Դու քո կամքով ամուսնացար, իսկ ինձ ամուսնացրին։ Հասկացի՛ր զանազանությունը։ Դու ինձ փողով գնեցիր իմ ծնողներից...

— Թող չծախեին... Բայց լռիր, բավական է։

Լռե՞լ։ Ոչ, առանց այդ էլ երկար ժամանակ է լռել։ Հիմա առիթ են տալիս խոսելու և պիտի խոսի։ Նա միշտ տանջվել է, միշտ, թեև ուրիշները նախանձել են նրան՝ այսինքն՝ նրա ադամանդներին ու տուալետներին, կառքերին ու ձիերին, ճաշերին ու ընթրիքներին։ Նա ծիծաղել է, երգել, նվագել, թռչկոտել, բայց տանջվել է։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ ես տանջվել,— հարցրեց Սամսոնը:

— Որովհետև չեմ կարողացել քեզ սիրել, ուզեցել եմ սիրել, չեմ կարողացել։

— Շնորհակալ եմ, որ գոնե ուզեցել ես սիրել։