Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/417

Այս էջը հաստատված է

անունով։ Խլիր բոլորն ինձանից և փոխարենը տուր ինձ կյանք, ո՛չ թե հարուստ, այլ բախտավոր կյանք: Ես զգալ եմ ուզում ու ապրել: Ես ուզում եմ իմանալ, ինչ ասել է երիտասարդական սեր, ինչ ասել է առհասարակ սեր...

— Ասա, որ ուրիշ տղամարդ ես ուզում,— ընդհատեց Սամսոնը կոպտաբար։

Եվ հոգու խորքում զգաց, որ զրպարտում է։

Մի՞թե եթե Մելանիան ուրիշ տղամարդ ուզենա, չի՞ կարող գտնել գաղտնի, և մի՞թե եթե այդպիսի հանցավոր միտք ունենա, այդքան պարզ կխոսի։ Ո՛չ, Սամսոնն ավելի ճիշտ կասեր, եթե գոնե նույն խոսքերն արտասաներ առանց «ուրիշ» բառի։

— Եթե նույնիսկ այդպես լիներ,— գոչեց Մելանիան անսովոր համարձակությամբ,— ինչ կա զարմանալու. միթե չե՞ս զգում, որ ունիմ իրավունք։

— Մելանիա,— գոչեց Սամսոնը, բոլորովին բորբոքվելով խելակորույս կնոջ հանդուգն խոսքերից,— խայտառա՜կ կին, բավակա՜ն է...

— Ինչո՞ւ խայտառակ։ Որ ուրիշների պես չեմ թաքցնում զգացածս ու մտածածս։ Որ երեսիդ չե՞մ շողոքորթում ու հետևիցդ խաբում ու անպատվում քեզ։ Ասա՛, դու ինքդ երիտասարդ հասակումդ չե՞ս սիրել։ Եթե չես սիրել — դու մարդ չես, եթե սիրել ես — ապրել ես։ Բայց ի՞նչ եմ ասում։ Դու սիրել էլ ես, սիրահարվել էլ ու ուրիշ բաներ էլ արել։ Միտդ բեր ասածներդ, հիշիր ինչեր էիր պատմում երբեմն, անկեղծության րոպեներին։ Աա՛, ամաչո՞ւմ ես։ Ինչո՞ւ չթողեցիր, որ ես էլ սիրեմ, ես էլ ապրեմ։ Ինչո՞ւ նոր ծլող ծաղիկը կտրեցիր ոսկի մկրատովդ։ Ինչո՞ւ ինձ խլեցիր ծնողների գրկից այն ժամանակ, երբ ես երեխա էի։ Ինչո՞ւ, ասա՛, ինչո՞ւ։

Նա թուլացած ընկղմվեց գահավորակի վրա և սկսեց հեկեկալ։

Սամսոնը մի ձեռը բազկաթոռի կռնակին հենած՝ մյուսը սեղմել էր ճակատին և նայում էր հատակի մի կետին։

Հեկեկանքը դադարեց։ Մելանիան, աչքերը սրբելով, ոտքի կանգնեց, մի վայրկյան մտածեց՝ անշարժ կանգնած։ Հետո ձեռով մի դրական շարժումն անելով անցավ արագ քայլերով