— Բայց ե՛ս եմ ասում, հասկանո՞ւմ ես, ե՛ս... Ա՜խ, մամա, ի սեր աստծու, խնայի՛ր ինձ, մի՛ ստիպիր...
Մայրը նայեց աղջկա աչքերին և այնտեղ կարդաց նրա խոսքի վերջը. նա գլուխն անզոր թեքեց կրծքին։
— Ուրեմն,— արտասանեց նա կակազելով,— ուրեմն... Մելանիա...
— Երեխանե՜րը... առաջ, մամա, բայց հիմա... Ահ, բավակա՛ն է, վերջապես...
Այն, ինչ որ արտահայտում էին երիտասարդ կնոջ հուսահատական շարժումները, այնքան համոզիչ էին և այնքան միևնույն ժամանակ վշտալի, որ Նազանին բոլորովին զինաթափ եղավ և ուժասպառ թիկն տվեց գահավորակին։ Ավելի՛ «նա զգաց խղճի խայթ, զգաց և կարեկցեց աղջկան:
Նույն օրն երեկոյան նա առանձնացավ իր կողակցի հետ, երկար ու երկար խորհրդակցեց։ Բայց խնդիրն անլուծելի էր: Տիկին Նազանին փորձեց մարդուն համոզել՝ Սամսոնից բացատրություն պահանջելու։ Սերգեյ Արտեմիչը դրականապես մերժեց։
— Ամոթ է,— ասաց նա,— որ հարցնեմ էլ, միևնույն է, ոչինչ չի ասիլ...
— Հապա ի՞նչ անենք։
— Չգիտեմ։
Երկուսն էլ անզեն ու անզոր նայեցին միմյանց երեսին: Երկուսն էլ զգացին, որ գործված սխալն անուղղելի է և որ իրանք իրանց ձեռքով դժբախտացրել են իրանց հարազատ զավակին...
II
Սուր վիրավորանքի հետ Սամսոնը զգում էր նաև խղճի սուր խայթոց: Որքան համարձակ լինեին Մելանիայի խոսքերը, այնքան իմաստն արդարացի էր։ Մեղադրանքը պարզ էր, հիմնավոր և... անհերքելի։ Ա՜խ, եթե միայն ծերությունը լիներ... Բայց ի՛նչ կարելի է առարկել մի անողոք ու սոսկալի փաստի դեմ, որի ծանրությունը նա զգում է առանց Մելանիայի