չէր ուզում։ Բնազդմամբ գուշակում էր, որ Մելանիան պարզել էր նրանց իր վշտի գաղտնի պատճառը. մի բան, որից այնքան ամաչում էր Սամսոնը։ Ա՜հ, սարսափելի՜ դրություն, ո՞ւմ հայտնի իր ցավը, ո՞վ կկարեկցի նրան և, որ ամենագլխավորն է, ո՞վ կարդարացնի նրա կապը Մելանիայի հետ։ Ոչ ոք։ Նա այս լավ գիտեր, ուստի լուռ ու մունջ փակվել էր ինքն իր մեջ։ Երբեմն նրա սրտում ծագում էր հուսո նշույլ գուցե Մելանիան զղջա, ներում խնդրի անողոք կշտամբանքի համար և հաշտվի իր վիճակի հետ, դադարելով պահանջել անկարելին, անբնականը։ Բայց այս հույսն էլ նրան ոչինչ լավ ապագա չէր խոստանում։ «Հետո՞»․․․ կրկնում էր նա, և գլուխը թուլացած թեքում էր կրծքին, ձեռները ընկնում էին ցած։ Այո՜, հետո՞ , իսկ նրա անզորությո՞ւնը, որ անբուժելի է․․․
Տիկին Նազանին և Սերգեյ Արտեմիչը բարվոք համարեցին խնդիրը թողնել անորոշ և հեռանալ այն քաղաքը, որտեղից եկել էին։ Զգում էին, որ իրենց ներկայությունը անչափ նեղում է Սամսոնին, այնինչ ցավը դարմանելու և ոչ մի միջոց չէին կարողանում գտնել։
Ճանապարհ ընկնելու օրը Նազանին մի անգամ ևս փորձեց համոզել Մելանիային, թե ուրիշ հնար չկա, պետք է հպատակվել ճակատագրին։ Բայց զուր։ Մելանի՛ան սառն եղանակով հարցրեց.
— Մամա, եթե մի օր վերադառնամ քեզ մոտ, կնդունե՞ս ինձ։
Նազանին սարսափեց։ Բայց զգում էր, որ դուստրը արդեն անսահման դժբախտ է, ուստի ճարահատյալ պատասխանեց․
— Ո՞ր ծնողը իր զավակին կթողնի փողոցում։
Մելանիան զգացվեց, փաթաթվեց մոր պարանոցին, համբուրեց և հետո սկսեց հեկեկալ, կրկնելով.
— Ախ, ի՜նչ անբախտն եմ, ի՜նչ անբախտն եմ։
Մի օր, նախաճաշից հետո սպասավորը Սամսոնին հայտնեց, թե Փիրուզյանը հարցնում է, կընդունի՞ նրան արդյոք։ Սամսոնը հրամայեց ընդունել։
Փիրուզյանը ներս մտավ նախկին բարեկամական ժպիտն երեսին, ամուր սեղմեց իր ազգականի ձեռը և նստեց նրա դեմուդեմ։