Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/425

Այս էջը հաստատված է

Սամսոնը, որ գրասեղանի քով զբաղված էր ինչ-որ հաշիվներով, թղթերը հավաքեց մի կողմ դրեց և հարցրեց՝ ուր է մնացել մինչև այժմ հյուրը։ Հայտնվեց, որ Փիրուզյանը վերջին երկու շաբաթը անց է կացրել Բաքվում, միայն այսօր առավոտ է վերադարձել։ Նա վճել է նավթային գործերով զբաղվել և եկել է Սամսոնի աջակցությունը խնդրելու։

Սամսոնին հայտնեցին, թե նախաճաշը պատրաստ է։ Նա հյուրի հետ անցավ սեղանատուն։ Այնտեղ Մելանիան, սեղանի քով նստած, կերակրում էր Ժորժիկին։ Նա հյուրին ընդունեց անխռով, գլխի թեթև շարժումով պատասխանելով նրա խոնարհ բարևին։

Փիրուզյանն իսկույն գուշակեց, որ մարդ ու կնոջ հարաբերությունները լարված են։ Հոգու խորքում այս անգամ անկեղծ խղճաց Սամսոնին, նայելով նրա անսովոր մռայլ դեմքին, Նա խոսում էր նավթային նոր շատրվանների և արդյունաբերական աժիոտաժի մասին։

Հանկարծ նա զգաց խղճի խայթ յուր հանցավոր միտումների պատճառով։ Նա զղջաց։ Բայց զղջաց ոչ այնքան որևէ բարոյական սկզբունքի հիման վրա, որքան այն մտքից, որ զուր էին իր հանդուգն միտումները և երբեք չեն կարող իրագործվել։ Մելանիայի ամբողջ էությունը հասկացնել էր տալիս նրան, թե շեղել այդ կնոջն ուղիղ ճանապարհից շատ էլ դյուրին չէ և թե ինքը շատ էլ ճիշտ գաղափար չի ունեցել նրա մասին։

Նա որոշեց զգույշ վարվել։ Ինչո՞ւ զուր տեղը զրկվի Սամսոն Ֆրանգուլյանի պես մի հզոր դրամատիրոջ բարեկամությունից այն ժամանակ, երբ իր նոր ձեռնարկելի գործի համար կարոտ է նրա աջակցությանը։ Նա աշխատեց ցույց տալ անտարբերություն դեպի Մելանիան և կարողացավ Սամսոնի սրտից ջնջել չար կասկածի վերջին նշույլը։

Մի շաբաթ անցած՝ նա դարձյալ այցելեց Ֆրանգուլյաններին։ Այս անգամ եկել էր վերջին հրաժեշտը տալու։ Նա թողնում է Թիֆլիսը ու հեռանում Բաքու երկար ժամանակով։