Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/427

Այս էջը հաստատված է

Գարնան մերձավորությունը բորբոքելով նրա օր օրի վրա սառչող արյունը, ավելի զգալի և ավելի դաժան էր դարձնում անփոխարինելի կորուստը։ Եվ, մարդկանցից փախչելով, ինքն իր մեջ զգում էր այնպիսի ամայություն, որ կարծես, հոգին բաժանվել էր և դիտում էր մարմնի սառուցումը հեռվից։ Կենդանի կմախք, որ այրվում էր առանց ջերմանալու։ Նա հոգու ամբողջ կարողությամբ ատում էր բնությունը և բոլորը ինչ որ նորոգվում ու թարմանում էր նրա մեջ։ Ծառերի նորածիլ տերևները, ծտերի ծլվլոցը, եղանակի մեղմությունը, երկնի պայծառությունր և երկրի ժպիտը, բոլորը, բոլորը, կարծես ծաղրում էին նրան անողոք և անամոթ ծաղրով։ Նա կկամենար տեսնել ամեն ինչ հնացած, թառամած և անզոր, ինչպես ինքը։ Նա պատրաստ էր, եթե ունենար գերբնական զորություն, մի հարվածով մեռցնել բոլոր կենդանի էակների մեջ կյանքը և բոլորին դարձնել իր պես այրվող կմախք։

Նա սկսեց ատել Մելանիային, չդադարելով սիրել նրան անզոր սիրով։ Երկու հակադիր միմյանց ջնջող զգացումների մեջ հոգեպես բաժանվեց երկու տարբեր մասերի։ Մի ներքին ուժ դրդում էր նրան, ամեն անգամ Մելանիային հանդիպելիս, փաթաթվել նրա պարանոցին և անվերջ համբուրել, շոյել, միանալ ու ձուլվել նրա հետ մեռելության ձուլարանում։ Մի ուրիշ ներքին ուժ թելադրում էր նրան. «հարձակվիր այդ երիտասարդ կնոջ վրա, բռնիր նրա գեղեցիկ կոկորդը, խեղդիր, սպանիր և հետո սիրիր... նրա գերեզմանը»։

Այլևս պարզ էր նրա համար, որ յուր սիրո զգացման ամենաթույլ մի արտահայտություն Մելանիային պատճառում է զզվանք։ Եվ խոցոտված և արյունոտված ինքնասիրությունը ուժ էր տալիս նրան այդ զգացումը զսպելու, մինչդեռ ատելության բուռն զգացման դեմ օր օրի վրա դառնում էր անզոր, անպաշտպան։ Նրա գլխի մեջ ծագում էին մեկը մյուսից մռայլ մտքեր, որոնք գլխավորապես պտտում էին մի առանցքի շուրջը։ Այդ առանցքը Մելանիայի երիտասարդությունն էր, մանավանդ գեղեցկությունը։ Օ՜օ , անտեսանելի, անըմբռնելի զորություն, եթե չես կարող վերադարձնել նրա կորցրած առնականությունը, դարձրու այդ կնոջը նրա հասակին ու թառամած արյունին համապատասխան մի էակ։ Այո, թող այժմ