Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/428

Այս էջը հաստատված է

Մելանիան զրկվի իր գեղեցկությունից, որպեսզի նա այդքան չսիրվի և որպեսզի Սամսոնը այդքան չտանջվի, այսքան չխանդի և որպեսզի ամեն վայրկյան չմտածե՝ արդյոք Մելանիան մի ուրիշին չի՞ սիրում։

Մելանիայի ներքին անբացատրելի ահը զարգանում էր օր օրի վրա։ Այժմ ամեն անգամ Սամսոնին տեսնելիս՝ ցնցվում էր։ Արդեն նա իր անկողնակալը փոխադրել էր մի ուրիշ սենյակ և գիշերում էր առանձին և եթե չքաշվեր, ամեն գիշեր կկողպեր իր ննջարանի դռները։ Հակառակ նախկին սովորության, մերթ ընդ մերթ նա գիշերները հանկարծակի արթնանում էր և միշտ ականջ դնում դեպի կից սենյակը, ուր գիշերում էր Սամսոնը։

Ինքը Սամսոնը աշխատում էր շատ անգամ իրան նրանից հեռու պահել նամանավանդ այն պահերին, երբ ատելության զգացումը բորբոքվում էր նրա մեջ առանձին ուժով։ Այդ մոմենտներին մի շատ դաժան ցանկություն կլանում էր նրա հոգին և խլացնում առողջության ձայնը։ Նրա բանականությունը մթագնում էր և նրա առջև պատկերանում էր Մելանիայի այլանդակված մարմինը, օօ ոչ ամբողջը, այլ միայն երեսը... Չէ՞ որ այսպիսով և միայն այսպիսով կարող է լուծվել անլուծելին։

Նա լուռ պայքարում էր մի դիվային ցանկության դեմ, որ սակայն զարգանում էր օր օրի, ժամ ժամի վրա, և ավելի ու ավելի ենթարկում նրան իր զորությանը․․․

XV

Գիշերվա երկու թե երեք ժամն էր։ Սամսոնը դեռ անքուն էր իր սենյակում։ Սեղանի վրա վառվում էր փոքրիկ լամպարը, աղոտ լուսավորելով նրա մռայլ կերպարանքը։ Նա պառկած էր թիկնիվար տաճկական բազմոցի վրա, ձեռները գլխատակը դրած։ Կար այդ պահին ինչ-որ չար, հրող շերտ նրա դեմքի վրա և աչքերի մեջ։

Նա ոտքի ելավ և սկսեց անցուդարձ անել։ Մերթ նա կրծոտում էր շրթունքները, մերթ ծանր հառաչում էր, մերթ