Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/430

Այս էջը հաստատված է

ինչ որ ամենասուրբն էր, ամենաթանկարժեքը։ Քանի մի վայրկյան նա նայեց Մելանիայի դեմքին։ Նայեց այնպես, որպես անոթի գայլը համեղ պատառի վրա, որին ճաշակելու կարողությունից զուրկ է։ Նա սքանչանում էր և տանջվում։ Այնինչ դիվային միտքը պաշարում էր նրան ուժգին, և նա զգում էր իր անզորությունը նրանից ազատվելու։ Այո, այո, այդ կինը շատ երիտասարդ է, շատ սիրուն, շատ հրապուրիչ, շատ կենսաթրթիռ և շատ խստապահանջ իր մարմնավոր երջանկության վերաբերմամբ։ Նա չի կարող իր այրվող արյունը խառնել մի անզորի ցրտության և ապիկարության հետ։ Նա պիտի փնտրե մի ուրիշին, այս են պահանջում բնության օրենքները և այս է դրոշմված Մելանիայի դեմքի վրա։ Գուցե արդեն փնտրում է, գուցե արդեն գտել է։ Ի՞նչ, զրկվել այդպիսի մի գանձից, դառնալ խաբված ամուսին, ծաղրված ու ծաղակոծված ամենից։ Օօ ոչ, ոչ, ոչ, այդ անկարելի է և երբեք չպիտի թույլ տալ․․․

Սակայն ինչպե՞ս դիմադրել բնության պահանջի զորությանը․ ինչպե՞ս այդ կնոջն ապահովել մոլորությունից։ Միայն մի միջոց կա ապահովության — այլանդակել այդ զմայլելի մարմինն այնպես, որ ոչ ոք չհրապուրվի նրանով և ոչ ոք չկամենա նրան մերձենալ, բացի իր օրինական տիրոջից։ Այն ժամանակ Մելանիան ստիպված կլինի սիրել Սամսոնին և միայն նրան։

Նա սարոափեց, մտածելով, որ այն, ինչ որ չի ուզում անել գերբնական ուժը, պիտի անե ինքը․․․ իր ձեռքով։ Սարսափեց, բայց չփախավ դիվային մտքից, որ ընդամենը մի շաբաթ էր, որ հղացել էր և այժմ ձգտում էր իրագործել գիշերային լռության մեջ, երբ տանը ամենքը քնած են, երբ խոր քնով քնած է և նա, որի վրա պետք է կատարվի մի անգութ գործողություն։ Անգո՞ւթ, ո՛չ, ինչո՞ւ։ Սամսոնը չի զրկի այդ կնոջը կյանքից, կզրկի միայն գեղեցկությունից։ Ոճիրը սոսկալի է, հակամարդկային և հակաբնական, բայց նա չի ուղղված այդ գեղեցիկ էակի դեմ։ Նա կապրի, բայց իր գեղեցկությունից զրկված։

Նա նայեց երկարատև հայացքով Մելանիայի սիրուն հոնքերին, որոնցով շատ անգամ էր հիացել։ Ահա որտեղ է