Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/432

Այս էջը հաստատված է

բակի վրա և թեքվեց դեպի Մելանիան։ Հանկարծ նրա ձեռը դողաց։ Նա մի քայլ հետ կանգնեց։

Մելանիան հանդարտիկ աչքերը բաց արավ և նայեց հետ այն վայրկյանին, երբ չար ձեռքը պիտի առմիշտ այլանդակեր նրա գեղեցկությունը։ Նա հանդարտ գլուխը բարձրացարեց, նստեց անկողնի մեջ, աչքերը հածելով շուրջը՝ մղձավանջից արթնացածի պես։ Բայց արթնացավ նա այն վայրկյանին, երբ նշմարեց Սամսոնին, որ կիսամերկ կանգնած էր սենյակի մեջտեղում լուռ, անշարժ, մի ձեռում պահած սրվակը, մյուսում՝ բամբակը։ Նա արձակեց մի թույլ ճիչ և ոտքի կանգնեց։ Նա ձեռներով շոշափեց գլուխը և արտասանեց.

— Գլուխս... չկա..․

Նայեց աջ ու ձախ, վեր ու վար և տեսավ հատակի ու բարձի վրա սփռված մազերը, և սարսռեց ամբողջ մարմնով։

— Այս ի՜նչ է,— գոչեց նա, սարսափած հայացքը ամուսնուն դարձնելով։

Սամսոնը լուռ էր։ Մի չարախինդ ժպիտ աղավաղել էր մարդու դեմքը։

— Ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ ես արել,— նորեն գոչեց Մելանիան։

Սամսոնը անգիտակցաբար հատակի վրա ձգեց ձեռքում բռնած բամբակը, որ այրում էր նրա մատները։ Մելանիան արագ հարձակվեց, վերցրեց գետնից բամբակը, մոտեցավ լամպարին, աչքերը չհեռացնելով Սամսոնից։ Նույն վայրկյանին մատների ծայրում զգաց այրոց, դեն ձգեց բամբակը և մնաց տեղն ու տեղը սառած։

— Ես ուզում էի քեզ բժշկել ամբարտավանությունից,— արտասանեց Սամսոնը, և նրա ձայնը հնչեց այնպիսի չարախնդությամբ, որից Մելանիայի մարմինը պատեց սառը քրտինքով։

— Աա՜,— աղաղակեց սարսափած կինը և թուլացած ընկավ անկողնակալի վրա։

Նա ամեն բան հասկացավ և՛ այն, ինչ որ էր, և՛ այն, ինչ որ պիտի լիներ, և՛ այն, ինչ որ չպիաի լիներ։ Սակայն հասկացավ նաև, որ դիվային դիտավորությունը հրեշավոր մարդու իրագործվել է միայն կիսով չափ։ Նույն վայրկյանին ոտքի