Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/438

Այս էջը հաստատված է

թեքած, հետևում են հանգուցյալի դագաղին, ես ոչ միայն նրանց դեմքերի, այլև մեջքերի վրա, քայլվածքի ու շարժումների մեջ կարդում եմ. «Թողե՞լ է, արդյոք, մեզ համար մի բան այս շունը, որին տանում ենք հողին հանձնելու և, որքա՞ն»: Այսպես են մտածելու և՛ իմ քրոջ զավակները դագաղիս հետևելիս...

— Չգիտեմ, գուցե դու ունիս իրավունք այդ ենթադրություն անելու,— ասաց Լիդիան,— բայց չեմ կարող թաքցնել, որ ես էլ չեմ սիրում նրանց։ Ինձ թվում է, որ նրանք ապականված են ավելի, քան թույլ է տրված նույնիսկ մեր ժամանակում։ Նրանցից մեկը մինչև անգամ այն աչքով չի նայում ինձ, որպես պարտավոր է նայել մի օրինավոր երիտասարդ յուր քեռակնոջ վրա։

— Այդ ես գիտեմ, Լիդիա, գիտեմ, և այդ է պատճառը, որ դու ազատվել ես նրա դեմքից։

— Ինչպե՞ս, դու նրան արգելե՞լ ես այցելել մեզ։

— Այո, նրան էլ, մյուս եղբորն էլ։

— Հուսով եմ, որ պատճառը չես ասել։

— Մի՞թե իմ ինքնասիրությունը թույլ կտար ասելու:

— Ուրեմն վճռել ես նրանց զրկե՞լ բոլորովին:

— Ոչ բոլորովին։ Ես նրանց համար կթողնեմ այնքան, որքան ես եմ ուզում և ոչ այնքան, որքան իրանք են սպասում։

— Ահ, ինչո՞ւ մենք չունինք մի զավակ, Գուրգեն,— գոչեց Լիդիան խորին թախիծով,— ինչո՞ւ մենք ծերության հասակում չպիտի ունենանք մեր ապավենը։ Այդ անտանելի է, Գուրգեն, անտանելի...

Եվ, արմունկները հենելով սեղանին, գլուխը բռնեց ձեռքերով և սկսեց հեկեկալ։

— Երեխա մի՛ լինիր, Լիդիա, բավական է ինչքան մտածել ես այդ մասին և արտասվել: Չէ՞ որ մենք անզոր ենք բնության արգելքների դեմ։ Դե, դե, խելքի եկ։ Ես տանել չեմ կարող քո լացը։

— Ոչինչ, ոչինչ,— զսպեց իրան Լիդիան, աչքերը սրբելով ասեղնագործ բատիստյա թաշկինակով,— կանցնի։ Գրկիր ինձ, Գուրդևն, համբուրիր և չդավաճանես, լսո՞ւմ ես, չդավաճանես։