Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/439

Այս էջը հաստատված է

Վերջին խոսքը ցնցեց Գուրգենին։ Նա չհամարձակվեց համբուրել Լիդիային...

II

Անցել էին ամիսներ այդ օրից։

Առավոտ էր։ Նրանք սեղանատանն էին։

Գուրգենը լրագիր էր կարդում։ Լիդիան, սամովարի մոտ կանգնած, թեյ էր պատրաստում սպիտակ պենուարը հագին։

Նրա դեմքն արտահայտում էր անսովոր մտահոգություն։ Մերթ ընդ մերթ նայում էր Գուրգենի սևահեր գլխին, որ թեքվել էր դեպի լրագիրր։ Պարզ էր, որ մի բան ուներ ասելու, բայց չէր վստահանում խանգարելու ամուսնու ընթերցանությունը։

— Զարմանալի է,— ասաց Գուրգենը,— վերջապես, մի կողմ դնելով լրագիրը և թեյի բաժակը մոտեցնելով իրան, — այդ մեծապատիվ խմբագիրները կարծում են, թե լրագիրը նրա համար է միայն, որ մարդկանց առավոտը թունավորե։ Այս ամբողջ թերթի մեջ և ոչ մի ուրախալի լուր։ Կարծես ինձ համար շատ հետաքրքրական է, թե մեկը մի աղախնի զրկել է կուսությունից և աղախինը նրա վրա կարբոլյան թթվաջուր է ածել, և դրա պես շատ ու շատ հիմարություններ...

— Ցավում եմ,— խոսեց Լիդիան, նստելով ամուսնու դեմ,— որ ես էլ պիտի մի անախորժ լուր հաղորդեմ քեզ։

— Ի՞նչ է պատահել։

— Մի անսպասելի բան։ Մեր երիտասարդ սպասուհին տկար է...

— Տկա՞ր է,— կրկնեց Գուրգենը,— դա ինչ մի մեծ դժբախտություն է։

— Այո, բայց ուրիշ տկարություն է...

— Չեմ հասկանում։

— Եթե ուշադրություն դարձրած լինեիր նրա իրանի վրա, կհասկանայիր: Ահա երկու ամիս է, որ առանց շալի չի երևում մեր աչքին։ Իսկ այսօր խոստովանեց: Մի խոսքով, վաղը-մյուս օրը մենք կունենանք մի անկոչ հյուր։