Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/440

Այս էջը հաստատված է

Գուրգենը չցնցվեց և ոչ էլ նրա դեմքի մկանունքները շարժվեցին։ Նա միայն արտասանեց.

— Ահա թե ինչ, ի՛սկ որ այդ մի սյուրպրիզ է։ Բայց չէ՞ որ Զինան...

— Օրիորդ է, ուզում ես ասել,— լրացրեց Լիդիան հեգնաբար,— մեկը մյուսին չի խանգարում։ Մի՛ մոռանար, որ մենք ապրում ենք N քաղաքում, իսկ Զինան քսան տարեկան անփորձ աղջիկ է ու մի քիչ էլ հիմար։

— Ճիշտ է, բայց հետաքրքրական է ո՞վ է այցելում նրան,— արտասանեց Գուրգենն այնքան անտարբեր, որ Լիդիան նրա ձայնի մեջ չնկատեց և ոչ մի կեղծ նոտա։

— Չգիտեմ։ Գոնե ես ոչ ոքի չեմ հանդիպել նրա մոտ։

Գուրգենը կամեցավ ասել «գուցե իմ քրոջ որդին», բայց զսպեց իրան և հարցրեց.

— Դու բացատրություն պահանջե՞լ ես իրանից...

— Այո, պահանջեցի։

— Ե՞վ...

— Չխոստովանեց։

Գուրգենը զգաց որոշ թեթևություն։ Եվ որպեսզի չմատնի իրան, վեր կացավ և սկսեց անցուդարձ անել։

— Ես ավելորդ համարեցի պնդել,— շարունակեց Լիդիան։— Ի՞նչ կարիք կա կեղտը քրքրելու և խեղճին տանջելու։ Առանց այդ էլ նա ամոթից տառապում է։ Նա լաց եղավ և ինձանից ներում խնդրեց — չգիտեմ ինչու։ Հարկավոր է մտածել նրա դրության մասին։ Ամոթը մասամբ մեր տանն է վերաբերում։

— Այո, իհարկե, պետք է մտածել։ Արդյոք ի՞նչ ես մտադիր անելու։

— Կկամենայի նախ քո կարծիքն իմանալ։

Գուրգենը նեղն ընկավ։

— Իմ կարծի՞քը։ Բայց ես ի՞նչ կարող եմ ասել։ Այդպիսի գործերում տղամարդը անզոր է յուր խորհուրդներով։ Գուցե հարկավոր է արձակել նրան, իհարկե, մի քիչ ապահովելով։

— Արձակե՞լ, այդ դրության մե՞ջ,— գոչեց Լիդիան գթառատ կանանց հատուկ կարեկցությամբ,— ոչ, ես այդպես