Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/441

Այս էջը հաստատված է

անխիղճ լինել չեմ կարող։ Մարդիկ հատուկ ընկերություններ են հիմնում ընկածներին բարձրացնելու և կորստյան անդնդից ազատելու համար։ Մի՞թե մենք չենք կարող պաշտպանել մեկին, որ հինգ տարի ծառայել է մեզ հավատարմությամբ։

— Իհարկե, կարող ենք, բայց չգիտեմ ինչպես։ Եթե խնդիրը ծախսերն են, ես ոչինչ չեմ խնայիլ: Միայն չգիտեմ հարմա՞ր է, արդյոք, նրան մեր տանը պահել։

— Հարմար չէ, իհարկե, բայց ես ուզում եմ նրան ուղարկել մերձակա գյուղերից մեկը: Այնտեղ նա կազատվի յուր հիմարության հետևանքից, հետո կմտածենք ինչ անել։

— Հիանալի է, ավելի հարմար վճիռ չէր կարելի երևակայել: Եվ որքան շուտ ուղարկես, այնքան լավ։

Ասաց Գուրգենը և, վախենալով գուցե ինքն իրան մատնել, շտապեց դուրս։ Նրա համար անսահման ծանր էր մնալ Լիդիայի մաքուր մթնոլորտում։ Նրան անհանգստացնողը ոչ այնքան սպասուհու վիճակն էր — ավա՜ղ, այս նրան հայտնի էր վաղուց — որքան Լիդիայի անգիտությունը...

— Զինա, Զինա,— լսեց նա նախասենյակում անգիտակ կնոջ արծաթահնչյուն ձայնը, որի մեջ չէր զգացվում վրդովման՝ կամ կասկածի շեշտ։— Զինա, եկ այստեղ։

Նա վազեց փողոց ամոթը ճակատին, խղճի զարհուրելի խայթը կրծքի տակ։ Այնտեղ, այդ խուռն ամբոխին խառնվելով, նա զգաց մի տեսակ թեթևություն, մտածելով, որ ինքը բացառություն չէ...

Հետևյալ օրը Զինան, Լիդիայի հրամանով, ուղևորվեց մերձակա գյուղերից մեկը և այնտեղ գտավ ժամանակավոր ապաստան յուր խայտառակության համար։

Երեկոյան Լիդիան ասաց.

— Որքան լավ է թշվառին օգնելը։ Թվում է ինձ, որ ես երբեք այսպես երջանիկ չեմ եղել, որպես այսօր։ Խեղճ աղջիկը ուրախությունից արտասվեց, որ նրան չշպրտեցին փողոց ինչպես մի թքած պատառ։

— Այո, առանց քո բարության նա կարող էր կորչել,— ասաց Գուրգենը, խույս տալով Լիդիայի հայացքից։

Զինան վերադարձավ մոտ երկու ամիս անցած՝ նիհարած, գունատ, բայց ավելի հանգիստ հոգով։