— Թողեք երեխան այստեղ մնա.— ասաց Լիդիան քիչ խորհելուց հետո։— Ուզո՞ւմ եք։
Զինայի աչքերն ուրախությունից փայլեցին։ Եթե նրան ապտակեին և դուրս ձգեին երեխայի հետ, կհամարեր յուր արժանի վարձը։
— Չպիտի ունենայիք,— շարունակեց Լիդիան,— բայց որ ունիք, պետք է պահպանել։
— Տիրուհի, շնորհակալ եմ, ա՜հ, չեք իմանում, որքան շնորհակալ եմ,— Գոչեց Զինան և արտասվեց։
— Առանց շնորհակալության։ Մարդիկ երբեք չեն անում այն, ինչ որ իրենց համար հաճելի չէ։
— Բայց չէ որ դուք ինձ ազատեցիք մահու վտանգից։ Ես վճռել էի սրան ոչնչացնել իմ արգանդում։ Իսկ այդ, գիտեք, շատ վտանգավոր է։ Իմ քույրը դրանից մեռավ այն անիծյալ պառավի ձեռքում։ Մեռավ, անիծելով յուր ճակատագիրը։ Ես էլ կարող էի մեռնել։ Դուք ինձ ազատեցիք, հավիտյան չպիտի մոռանամ։
— Ողորմա՜ծ աստված, ի՜նչ անզգայություն,— վրդովվեց Լիդիան մինչև հոգու խորքը,— դուք վախենում էիք ձեր մահի՞ց։ Իսկ այդ անմե՞ղը։ Մի՞թե չգիտեք, որ դա կլիներ որդեսպանություն։
— Ի՜նչ արած, տիրուհի, ճակատագիրս է։ Ոչք ոչ, տիրուհի, մի՛ նեղանաք, աղաչում եմ։ Սխալմամբ ասացի։ Ներեցեք, տգետներ ենք, չգիտենք մեր խոսածը։
— Բավական է։ Տվեք ինձ այդ երեխային։ Ես նրանով կզբաղվեմ, իսկ դուք ձեր գործին կացեք։
Զինան երեխային լուռ տվեց տիրուհուն և զգաց, որ յուր կրծքից ընկավ մի ծանր քար։
Նույն օրը ևեթ Լիդիան անձամբ գնեց նուրբ կտավից պատրաստի ճերմակեղեն ու բոլոր պարագաները երեխայի համար։ Իրիկնադեմին նա օգնեց Զինային նրան լողացնելու և զուգեց ու տարավ յուր սենյակը։
Գուրգենը ոչինչ չասաց։ Նա մինչև անգամ կարողացավ ձևանալ միանգամայն անտարբեր դեպի երեխայի վիճակը:
Երբ առաջին անգամ Լիդիան համբուրեց փոքրիկին — իսկ համբուրեց մի շաբաթ անցած — գրգռվեց նրա հոգու տարիների