թախիծը որդեսիրության։ Եվ զգաց իրան անբախտ ավելի, քան երբևէ զգացել էր։ Միևնույն ժամանակ, մի անծանոթ հաճելի ջերմություն պաշարեց նրա հոգին։
Այդ վայրկյանից թվաց նրան, թե մի նոր տարր մտավ նրա գոյության մեջ և բռնեց այնտեղ ամուր, հաստատուն մի անկյուն։ Մայրական զգացման անծանոթ բնազդով ճաշակեց այդ զգացումը և անձնատուր եղավ կարոտյալ հոգու ամբողջ թափով։ Սիրեց օտար արգանդի բերքը այնպես, ինչպես կարող էր սիրել միայն հարազատ մայրը։ Իսկ երբ փոքրիկը սկսեց թոթովել, նա փափագեց, որ ինքը կոչվի «մամա»։ Դա նրա նվիրական երազների մարմնացումն էր, և Զինան ոչ միայն չբողոքեց նրա դեմ, այլև կրկնակի ուրախացավ։
Օրը մինչև երեկո Լիդիան զբաղված էր նրանով և միայն նրանով։ Եվ այդ զբաղմունքը այնքան կլանեց նրան, որ մոռացավ Գուրգենին ու նրա տարօրինակ տխրությունն ու անսովոր հեզությունը։ Նա չհետաքրքրվեց իմանալ, թե ինչու ամուսինը ամեն անգամ իրան հանդիպելիս մի տեսակ աղերսական հայացքով է նայում նրան, ինչպես մի մարդ, որ րոպե առ րոպե սպասում է անողոք դատավորի դատավճիռը։ Նա միայն մտածում էր մի բանի մասին, այն է՝ մի օր կարող են նրանից խլել երեխային։ Հետզհետե այս միտքը զարգացավ և դարձավ նրա համար մի տեսակ մղձավանջ։
Նրա կարեկցությունը դեպի Զինան փոխվեց ատելությանը, ատելությունը՝ անհաղթելի թշնամության, և նա վճռեց ազատվել թշնամուց: Նա զգում էր, որ այդ միտքը դաժան է, հանցավոր և դատապարտելի ոչ միայն աստվածային, այլև մարդկային օրենքներով։ Նա չարաչար նախատում էր իրեն այդ բանի համար, միևնույն ժամանակ զգում էր իրեն անզոր՝ կռվելու նրա դեմ։
Մի անգամ նա մի վատ երազ տեսավ։ Ինչ-որ մարդիկ ոստիկանների համազգեստով հանկարծ ներս խուժեցին, խլեցին երեխային նրա կրծքից և գնացին։ Նա սարսափից արձակեց մի ճիչ, զարթնեց և խավարի մեջ ոտաբոբիկ վազեց դեպի դանթելներով զարդարված թանկագին կողովը, որ ստուգե այնտեղ է արդյոք երեխան։ Նա գրկեց փոքրիկին, համբուրեց և տարավ պառկեցրեց յուր կողքին: