Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/453

Այս էջը հաստատված է

— Ահ, թողնենք անցյալը,— գոչեց Լիդիան, չկամենալով դառնացնել յուր սիրտը նորանոր հիշողություններով։— Ես նրան թաղել եմ և վրեն դրել մի մեծ քար։ Եթե քո զղջումը անկեղծ է, հոգա մեր երեխայի մասին։

— Ես արդեն կարգադրել եմ նրա վիճակը,— պատասխանեց Գուրգենը։— Երեկ կտակս փոխել տվեցի։ Այժմ իմ միակ ժառանգը Սերժն է և դու նրա միակ խնամակալը։ Հուսով եմ, դեմ չես։

— Դու արել ես այն, ինչ որ պարտավոր էիր անել,— ասաց Լիդիան,— բայց կա մի բան, որ ինձ հանգստություն չի տալիս։

— Գիտեմ, դու մտածում ես նրա մասին։ Նա անհայտացել է, Լիդիա, զուր ես անհանգստանում։

— Այո, անհայտացել է, գոնե այն օրից ես նրա երեսը չեմ տեսել։ Բայց չէ՞ որ մի օր կարող է հանկարծ երևալ և խափանել փոքրիկի անդորրությունը։

— Չեմ կարծում։ Անկասկած, նա վաղուց է մոռացել և՛ մեզ, և՛ երեխային։

— Լսիր, ես չեմ ուզում չարախոսել, բայց ինձ հաղորդել են, որ քո քույրը ինտրիգներ է սարքում մեր դեմ։ Ասում են, նա շարունակ այդ աղջկա հետ հարաբերության մեջ է և աշխատում է նրան լարել մեր, կամ ճիշտն ասած, իմ դեմ։

— Ես դրանից չեմ վախենում։ Ելենայի միակ ցավը իմ հարստությունն է, իսկ ես, ինչպես ասացի, արդեն ապահովել եմ իմ ժառանգությունը։

— Ահ, դու քո հարստության մասին ես հոգում, իսկ ինձ տանջողը ուրիշ բան է։ Թող ես զրկվեմ քո հարստությունից, թող մնամ մի կտոր հացի կարոտ, միայն թե ինձանից չխլեն երեխային։ Առանց նրա ես ապրել չեմ կարող։ Պահպանել քո հարստությունը դու կարող ես, բայց երեխան միայն քոնը չէ։ Նրա ճակատագիրը ենթարկված է մի կնոջ քմահաճույքին, որի վրա կարող է ազդել ամեն մի անցորդ, մանավանդ քո քրոջ նման մի խորամանկ կին։ Ոչ, ոչ, ես նախազգում եմ, որ Սերժին պիտի խլեն ինձանից, իսկ ի՞նչ կլինի իմ կյանքը առանց նրա — չգիտեմ։

Արտասանելով այս խոսքերը, Լիդիան արմունկները հենեց