Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/455

Այս էջը հաստատված է

— Թող, բավական է, ես դրա համար չսկսեցի։

— Ուրեմն, ես երբե՛ք չպիտի հուսամ, երբե՛ք... — ժամանակն ինքը կթելադրի մեր անելիքը։ Իսկ առայժմ իմ միտքն ու զգացումները կլանված են երեխայով, միմիայն նրանով...

Նա դուրս գնաց հանդարտ քայլերով...

VI

Ելենան բնակվում էր քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում, երեք փոքրիկ սենյակներից բաղկացած մի բնակարանում, որ այնքան էր նեղ թվում նրան, որքան շատ էր մտածում յուր եղբոր սեփական ահագին տան և այն ընդարձակ բնակարանի մասին, ուր կենում էր Լիդիան։

Դա մի եռանդուն կին էր քառասունհինգ տարեկան։ Բարձրահասակ էր, ամուր կազմվածքով, դեմքի խոշոր գծերով։ Մեկն այն էակներից, որոնց կին ծնվելը բնության քմահաճույքն է։

Յուր հանգուցյալ ամուսնուց նա ժառանգել էր երկու որդի, որոնցից մեկն այժմ քսանուհինգ տարեկան էր, անգործ, անընդունակ, շռայլ, մյուսը քսան տարեկան ուսանող էր, որ նոր էր ավարտել գիմնազիան և գնացել համալսարան:

Նա անիծում էր յուր ամուսնու գերեզմանը իբրև մի մարդու, որ ամբողջ կյանքն անց էր կացրել հաճույքների և թղթախաղի մեջ և մի օր հանկարծամահ եղել, թողնելով ընտանիքին մի քանի կիսախարխուլ խանութների վարձը։

— Է՜հ,— ասել էր նա երեք օր առաջ յուր մահից,— ես չեմ հոգում ոչ քո և ոչ մեր որդիների մասին։ Դու ունիս մի հարուստ եղբայր։ Նա երբեք ձեզ քաղցած չի թողնի և պարտավոր է չթողնել։

Այո, այդ հուսով էր ապրում Ելենան և չէր վարանում նրանով էլ կերակրել յուր զավակներին, և հանկարծ խորտակեցին նրա հույսը։ Ո՞րտեղից ասպարեզ ընկավ այդ Լիդիան և ի՛նչպես յուր թակարդի մեջ գցեց Գուրգենին։ Անկասկած, նա և միմիայն նա է պատճառը, որ Ելենան և յուր որդիները այնքան ատված են Գուրգենից։