Եվ ամեն անգամ, երբ Ելենան խոսում էր յուր ավագ որդու, Սիսակի հետ, կատաղությունը խեղդում էր նրա կոկորդը և նրա առնական շրթունքները, որոնցից վերինը ծածկված էր նոսր մազերով, արտասանում էին ամենազազրելի ածականները «այդ ավազակի աղջկա», «այդ լրբի», այդ․․․ այդ...֊ի հասցեին։ Դա էր նրա թույլ երակը, դա էր այն բևեռը, որ ցցվել էր նրա ուղեղի ու սրտի մեջ և տանջում էր նրան անհուն, անդադար...
Այն օրն Ելենան վճռական էր ավելի, քան երբևէ։ Ինչո՞ւ նա ձեռները ծալած նստած է անգործ։ Մինչև ե՞րբ պիտի լռե։ Սերժն արդեն վեց տարեկան է։ Զինան յուր զավակին Լիդիայից խլելու և ոչ մի կամք ցույց չի տալիս։ Լիդիան տիրել է երեխային բարոյապես և օրինապես ու մինչև անգամ մոռացել է նրա հարազատ մոր գոյությունը։ Եվ Գուրգենն այժմ ավելի, քան երբևէ, նրա «կոշիկների տակն է»։
Պե՞տք է, արդյոք, այլևս հրաժարվել ժառանգության հույսից։ ճշմարիտ է, Գուրգենը դեռ այնքան էլ ծեր չէ, բայց չէ՞ որ կարող է մի օր հանկարծ մեռնել։ Եվ ի՞նչ, պիտի այդ քո՞ծը լափե նրա կարողությունը ուրիշի զավակի հետ։ Ոչ, ոչ, այդ անկարելի է։ Ելենան այդ չպիտի թույլ տա։
Բшյց ինչպե՞ս, ի՞նչ միջոցով։
Նա մի կատաղի հայացք ձգեց յուր ավագ որդու վրա, որ լուսամուտի առջև նստած կարդում էր Շեռլոկ Խոլմսի արկածները։
— Քսանուհինգ տարեկան տղամարդ է,— ասաց նա, — մինչև օրս մի կոպեկ չի բերել տուն։ Գոնե այս բանում օգնե յուր մորը։
Սիսակը չլսեց նրա խոսքերը, այնքան խորասուզված էր ընթերցանության մեջ։
— Քե՛զ եմ ասում, է՛յ, ծույլ անգործ։ Ի՞նչ ես թաղվել այդ գրքի մեջ։ Եթե դու կարդացող լինեիր, գիմնազիայից քեզ չէին վռնդիլ։
Սիսակը գլուխը բարձրացրեց և նայեց մորը։ Նրա կլորիկ երեսը, փոքրիկ, սևորակ, պսպղուն աչքերը, հաստլիկ, ջրալի շրթունքները, փոքրիկ, սրածայր, վավաշոտ ծնոտն արտահայտում