Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/46

Այս էջը հաստատված է

հոնքերը գցում էր ցած, նեղ ճակատը կնճռոտում, աչքերը փոքրացնում, ձեռները մեջքին դնում և գլուխը քաշ գցելով սկսում էր արագ քայլերով ման գալ։ Մարդ եմ ասում, որ կարողանար այդ միջոցներին կանգնել նրա առջև, եթե որևէ սխալ է գործել այդ ժամանակ։ Մակար աղան բաց կաներ յուր բերանը և տեղային բոլոր փողոցային հիշոցները կթափեր նրա գլխին թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն լեզվով:

Այդ օրը Մակար աղան շատ զվարթ տրամադրության մեջ էր։ Նա խոսում էր ամենքի հետ քաղցրությամբ, մինչև անգամ ես ևս այդ օրն արժանացա նրա առանձին ուշադրության։ Շուտ-շուտ նա մոտենում էր ինձ և, տեսնելով, որ ես լավ չեմ ծալում կտորները կամ կարգին չեմ փաթաթում թղթերի մեջ, առնում էր ձեռիցս կտորը և ինքը կապում, քաղցրությամբ սովորեցնելով ինձ։ Մակար աղայի ուրախության պատճառը հայտնի էր. առուտուրն այնքան հաջող էր այդ օրն, որ մենք գյուղացի մուշտարիների ձեռքից հանգստություն չունեինք:

Բայց մի դեպք, որ ինձ համար ծիծաղելի էր և այդ ժամանակ անհասկանալի, փոխեց Մակար աղայի հոգեկան ուրախ տրամադրությունը։ Մի, ինչպես մեզանում ասում էին, «աշխարհ տեսած» գյուղացի, որը մի քանի տարի գյուղում տանուտերի պաշտոն կատարելով և շփվելով չինովնիկների հետ մի փոքր ինքն էլ մտավորապես տաշվել էր և ռուսերեն էլ կոտրատում էր,— հինգ արշին մահուդ էր առնում: Մահուդը չափելուց հետո գործակատարը կտրեց և ուզում էր ծալել։ Հանկարծ գյուղացին բռնեց նրա ձեռը:

— Պոժոլստա,— ասաց նա,— մի անգամ էլ չափիր մահուդը:

Գործակատարը տրտնջալով երկրորդ անգամ չափեց — ուղիղ դուրս եկավ, և սկսեց գյուղացուն պախարակել նրա կասկածի համար։ Սակայն գյուղացին չբավականացավ։

— Պոժոլստա, գոսպոդին փրկաշիք, տուր ես չափեմ — ասաց չարաճճի գյուղացին կես ռուսերեն և կես հայերեն լեզվով, կարծես, կամենալով ցույց տալ, թե շատ էլ բռի շինականներից չէ ինքը։

Գործակատարը տվեց նրան արշինն ու մահուդը։ Գյուղացին չափեց: Դուրս եկավ ուղիղ չորս ու կես արշին։