Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/461

Այս էջը հաստատված է

այսօր-վաղը պիտի ժառանգե ահագին հարստություն։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ անարդարություն։

Եվ շարունակեց նույն ուղղությամբ, չթողնելով Զինայի հուզմունքն անցնե։ Ոչ, ոչ, աղքատները շատ էլ անտեր ու անպաշտպան չեն։ Գոհություն՝ աստծու, օրենքներ կան և դատարանների դռները բաց են ամենքի համար հավասար։ Ահա հենց նորերս պատահեց համանման մի բան։ Մի հարուստ մարդ, վաճառական թե կալվածատեր, Ելենան մոռացել է, այո, մի հարուստ մարդ բռնաբարում է յուր սպասուհուն, հղիացնում և դուրս անում յուր տնից, գրպանը դնելով մի քանի կոպեկ։ Խեղճ կինը մնում է փողոցներում։ Գնում է հասարակաց ծննդարան ազատվում։ Ի՜նչ անե երեխային։ Դեսու-դեն է ընկնում։

— Բարեբախտաբար,— շարունակեց Ելենան, ուրախությամբ տեսնելով, որ յուր հնարած պատմությունը հետաքրքրում է Զինային,— աշխարհում դեռ բարի մարդիկ բոլորովին չեն անհետացել։ Մի ազնիվ փաստաբան նրան խորհուրդ է տալիս դիմել դատարանին և հանձն է առնում պաշտպանել նրան։

— Փողո՞վ,— ընդհատեց Զինան։

— Լսեցեք։ Այդպիսի բարի փաստաբաններ միշտ կարելի է գտնել։ Դիմում է։ Դատավորների ներկայությամբ նա երեխային դնում է հարստի առաջ ու ասում. «քոնն է, վերցրու, պահիր»։ Դատավորները կատաղում են հարստի դեմ ու վճռում, որ նա կամ պսակվի յուր սպասուհու հետ կամ երեխային ապահովե ու մորն էլ նշանակե խոշոր ամսական։

— Նշանակո՞ւմ է,— հարցրեց Զինան։

— Այո, իհարկե, ինչպե՞ս կարող էր դատարանի վճիռը չկատարել։ Նշանակում է ամսական երեք հարյուր ռուբլի։

— Երե՜ք հարյուր ռուբլի ամսական,— գոչեց Զինան հափշտակվելով մի այդպիսի հեռանկարով,— աստված իմ, մի՞թե այդ կարելի է։

— Ինչո՞ւ չի կարելի։ Ամեն մարդ պարտավոր է տալ յուր ունեցածի չափ։ Հարստի համար հարյուրները նույնն են, ինչ որ մեզ համար կոպեկները։