Վերջին դարձվածը ասվեց որոշ նպատակով։
— Ի՞նչ,— գոչեց Զինան,— մի՞թե կհամարձակվի։ Ես ձեր եղբորը ամբողջ աշխարհի առաջ կխայտառակեմ: Ո՞վ է նա։ Այ, դուք ինքներդ ասացիք, որ դատարանը այն հարստին ստիպում էր պսակվել յուր սպասուհու հետ։ Ի՜նչ։ Դուք կարծում եք, եթե ձեր եղբայրը կամենա, ես էլ կկամենա՞մ նրա հետ պսակվել: Թքել եմ։ Նա իմ Պոլիկարպի մի եղունգին չարժե։ Եթե ես համաձայնվեցի, կարծում եք սիրելո՞ւց էր։ Ինչպե՞ս չէ. թքել եմ։ Այնպես էլի, մի րոպե խելքս կորցրի։ Մեկ էլ, որ ինձ փող էր հարկավոր ծնողներիս ուղարկելու ու ասացի. «Լավ, վերցրու ինձ, բայց փող տուր»։ Նա տվեց, ես էլ... Ահա թե ինչ։ Մյուս օրը ես նրանից զզվում էի և էլ չթողեցի։ Ես այժմ ատելով ատում եմ այդ սևամորթ ասիացիներին, կարծես ծնվելիս նրանց մանկաբարձուհիների ձեռքերը մրոտ են եղել: Առաջ էլի հավանում էի, շատ էի լսել, ասացի փորձեմ... Իսկ այժմ... թյո՜ւ, ահա թե ինչ...
Եվ սկսեց վրդովված անցուդարձ անել։
Ելենան ձևացավ, թե պատրաստվում է հրաժեշտ տալու և ասաց.
— Էհ, որ այդպես է, դուք գիտեք, ես իմն ասացի։
— Սպասեցեք, ո՞ւր եք շտապում, մտածենք, տեսնենք ինչ կարելի է անել։
— Ոչ, ոչ, պետք է գնամ, առանց այն էլ ավելորդ բաներ շատ խոսեցի: Աշխարհումս ճշմարտությունը պաշտպանելը ձեռնտու չէ։ Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար մի օր գնացիք այդ իշխանի աղջկա մոտ ու ասացիք. «Ինձ ձեր մարդու քույրն է ուղարկել, ես եկել եմ ձեզ դատի կանչելու»։
Հայտնի նպատակով արված ենթադրությունը ունեցավ ցանկալի ազդեցություն։ Զինան դարձյալ վրդովվեց։
— Ի՞նչ եք ասում, Ելենա Գավրիլովնա, դուք ինձ վիրավորում եք. Մի՞թե ես այդքան հիմար եմ կամ անազնիվ։
Ի՞նչպես կարելի է ազգականների մեջ թշնամություն գցել։ Ներեցեք, ես էլ քիչ թե շատ հասկացող եմ...
— Ի՜նչ գիտեմ, կյանքումս արած լավություններիս փոխարեն այնքան սև երախտամոռություն եմ տեսել, որ այլևս ոչ ոքի չեմ հավատում։ Դեհ, ես գնացի։