Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/466

Այս էջը հաստատված է

նրան, այլև Լիդիային։ Նա պետք է հրապարակորեն հաշիվ տա յուր հանցանքի համար: Այո, իհարկե, պետք է տա, այլապես անկարելի է գործը պարզել: Հակառակորդի փաստաբանը, դատավորները, դատախազը, բոլորը, բոլորը պիտի հետաքրքրվեն այդ գործով ինչպես մի զբաղեցուցիչ ռոմանով։ Պետք է բաց անեն նրա ինտիմ կյանքի գիրքը և կարդան ծայրեիծայր, առանց մի տող բաց թողնելու, առանց նրան խնայելու:

Բայց այդ բոլորը դեռ ոչինչ։ Ի՞նչպես պետք է կրե այդ խայտառակությունը Լիդիան։

Նա՛, որ այնպիսի վեհանձնությամբ ծածկեց ընտանեկան ամոթը օտարներից։

Առաջինը Լիդիան ժողովեց ուշքը։

— Շտապիր մնալ այդ կնոջ մոտ և ազատել երեխային։

— Բայց ես չգիտեմ նրա հասցեն։

— Գնա հասցեների բյուրոն և հարցրու։

— Արդյոք, հարմա՞ր է,— տատանվեց Գուրգենը։— Ես իմ մասին չեմ հոգում, այլ...

Լիդիան հասկացավ նրա միտքը...

— Այո,— ասաց նա, դիմելով յուր սովորական առողջամտության оգնությանը,— դու ունիս իրավունք։ Դա կարող է գործը փչացնել։ Ի՞նչ անենք, ուրեմն։

— Իմ կարծիքով՝ նախ և առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մի հմուտ փաստաբանի հետ։ Ես իսկույն կերթամ Սինոփյանի մոտ։ Նա ինձ ցույց կտա գործելու եղանակը։ Այո, այո, նա խելոք մարդ է և հմուտ փաստաբան։

— Արա, ինչ որ ուզում ես, միայն երեխայիս ազատիր։

Նա իմն է, և ոչ մի մարմնավոր մայր չի կարող նրան սիրել այնպես ինչպես ես եմ սիրում։

— Լիդիա,— գոչեց Գուրգենը,— ես նորից թողություն խնդրելու պահանջ եմ զգում։ Դու...

— Ազատիր երեխային,— ընդհատեց նրա խոսքը Լիդիան,— և ես ոչինչ չեմ ուզում, ոչինչ։ Նրա մեջ է ամփոփված իմ կյանքը։

Գուրգենը լուռ անցավ յուր սենյակը, հագուստը փոխեց և շտապեց դուրս։