Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/476

Այս էջը հաստատված է

համարում էր սոցիալ-դեմոկրատ, բայց բոլոր նրան ճանաչողները գիտեին, որ դա նոր ժամանակին հարմարեցված մի դիմակ է և որ նա հոգով անփոփոխ է։

Իր ծննդավայրից նա բերել էր քաղաք միայն մի բան — կոպտություն, որ և պահպանում էր անխախտ, չնայելով յուր համալսարանական կրթությանը և եվրոպական ճամփորդությանը։ Ուներ թե չուներ ուրիշ սրբություններ, բայց մեկը հայտնի էր — ոսկին։ Եվ այդ մեկի համար հաճախ նա վաճառքի էր դուրս բերում յուր հանգուցյալ մոր հիշատակն անգամ, տեղի անտեղի երդվելով նրանով, երբ հարկավոր էր մեկից մի բան կորզել։ Այն մոր, որ յուր կոշտ բանվորական ձեռքերի անդուլ աշխատանքով էր նրան սնել, մեծացրել և բարձր ուսումի արժանացրել։

Հագած էր Լազմանյանը ֆրակ, օձիքը յուղոտ, փեշերը ճխլտված։ Մի լայն ոսկե շղթա նրա ներս ընկած փորը կիսում էր, անցնելով ժիլետի մի գրպանից մյուսը։ Նրա շապկի կուրծքն ու օձիքը կեղտոտ էին, իսկ սև փողկապը փայլում էր սափրիչի սրոցի պես։

Այդ անփութությունը հագուստի վերաբերմամբ գիտակցական էր։ Դրանով էր նա միամիտներին շնչում հավատ դեպի իր «դեմոկրատիզմը», լինելով ներքուստ հոգով ու մտքով բուրժուա, բառիս վատագույն իմաստով։

Մերթ ընդ մերթ մոտենում էր Զինային և, ձեռքերը պանթալոնի գրպանները դնելով, ինչ-որ խորհուրդներ էր տալիս։ Երբեմն նրա խոշոր սապատավոր քիթը բարձրանում էր օդի մեջ, կարծես, կամենալով կանխավ ճաշակել ոսկու հոտը։

— Այս, այո, իհարկե,— ասում էր Զինան ամեն անգամ լսելի ձայնով, թեև շատ բան փաստաբանի ասածներից չէր հասկանում։

Եվ ամեն անգամ նա ծուռ, թշնամական հայացքներ էր ձգում Լիդիայի ու Գուրգենի վրա, կարծես, կամենալով պարծենալ․ «Տեսե՛ք, ես էլ փաստաբան եմ վարձել»։

Տալով յուր խորհուրդները, Լազմանյանը հեռանում էր մի քանի քայլ և հպարտ դիրք ընդունում։ Երբեմն նա բարևում էր այս ու այն ծանոթ փաստաբանին և նրա երկարավուն դեմքի վրա խաղում էր ինքնագոհության ժպիտը։ Բանն այն է, որ