Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/477

Այս էջը հաստատված է

քիչ անգամ չէր պաշտպանել նա համանման գործեր, բայց այսօր առաջին անգամ էր դուրս գալիս հարուստ և հայտնի հակառակորդների դեմ։ Նա հպարտանում էր մանավանդ, որ պիտի ճակատ ճակատի կանգներ այնպիսի մի առաջնակարգ փաստաբանի հետ, որպիսին հռչակված էր Սինոփյանը։ Արդեն մի ամբողջ ամիս էր, նա դրանով պարծենում էր ամենուրեք, միշտ կրկնելով․

— Դա մի հետաքրքրական մենամարտություն է լինելու։

Գուրգենը և Լիդիան աշխատում են հետևել Սինոփյանի խորհրդին — չվախենալ, չհուզվել, չտխրել։ Բայց չի հաջողվում։ Արդեն շատ տագնապալի են զգում իրենց վիճակը հենց միայն այն պատճառով, որ գտնվում են դատարանում իբրև մեղադրյալներ։

Լիդիան գունատ է և շարունակ ներվային մատներով խաղում է լոռնետի ոսկե նուրբ շղթայի հետ։ Մի ամսվա անքուն գիշերները, անհանգիստ ցերեկները խոր հետքեր են դրել նրա վրա։ Նիհարել է, ընկճվել է, կարծես տասը տարով ծերացել։ Նրա գեղեցիկ աչքերի տակ երևում են կապույտ խորշեր։ Նրա նուրբ շրթունքները գունատ են, արյունաքամ և դողում են, երբ շշնջյունով խոսում է Գուրգենի հետ։

Ահ, ամեն ինչ խորթ է նրա համար և ամեն ինչ և ամեն ոք երկյուղ են ներշնչում նրան — և մեղադրյալների նստարանը, և այդ բարձր փայտյա վանդակապատը, և այդ հաստավիզ ու հաստափոր պրիստավն յուր սպիտակ շղթայով, և՛ դատավորների երկայն սեղանը կանաչ մահուդով ծածկված, և մանավանդ եռանկյունի զերցալն յուր երկգլխանի արծիվով։ Ումի՞ն է հարկավոր այդ բոլորը, ինչո՞ւ։ Չէ՞ որ նա սիրում է յուր Սերժին, պաշտում, փայփայում այնպես, որ ոչ մի հարազատ մայր երբեք չի սիրել յուր հարազատ զավակին։ Ուրիշ այլևս ինչ է հարկավոր երեխային, եթե ոչ սեր, միմիայն սեր։

Մերթ ընդ մերթ նա գլուխը բարձրացնում է և մռայլ հայացքը ձգում կայսեր ահագին պատկերի վրա, որ կախված է դատավորների սեղանի գլխին։ Թվում էր, որ նա մտքում գութ է հայցում նրանից։

Երբեմն նա չի կարողանում իրեն զսպել և նայում է դեպի հակառակորդների կողմը։ Նա զղջում է, որ սև հագուստ է հագել,