Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/479

Այս էջը հաստատված է

դեպի դավաճանվածը, որ վիրավորանքներից մեծագույնն է, և՛ զզվանք դեպի դավաճանողը։

Միայն մի բան չի կարող տանել — Սերժից զրկվելը։

— Գուրգեն, Գուրգեն,— շշնջաց նա, ամուր սեղմելով ամուսնու ձեռը, մի՛ թույլ տա, որ իմ սիրտը գջլեն և ձգեն այդ կնոջ ոտքերի տակ։

— Հանգիստ կաց, սիրելիս, զսպիր քեզ, նայում են, մի՛ ցույց տա հուզմունքդ։

— Ո՞ւր է փաստաբանը, ինչո՞ւ չի գալիս։

— Նա դրսումն է, իսկույն կգա, նա գիտե յուր ժամանակը։ Ահա նա։

Ներս մտավ Սինոփյանը ֆրակով՝ պորտֆելը կռնատակին և արագ քայլերով մոտեցավ Գուրգենին ու Լիդիային։ Երիտասարդ փաստաբանները հարգանքով բարևեցին նրան։ Նա անհոգ, զվարթ, ժպտալով, մի քանի խոսքերով խրախուսեց յուր կլիենտներին։ Նրա զվարթությունը Լիդիային ներշնչեց ուժ ու հավատ։ Նա կազդուրվեց հոգեպես։

Երբեք «րոպեական մոլորությունը» Գուրգենին չէր ճնշել այնքան, որքան այսօր։ Նա իրեն զգում էր մեղավոր ոչ միայն Լիդիայի, Զինայի և Սերժի, այլև ամենքի, ամենքի առջև։ Նրան թվում էր, թե գործել է ոչ մասնավոր, այլ հասարակական մի ոճիր, որի համար արժանի է հրապարակային անողոք պատժի։

Նա չէր վախենում յուր ամոթալի վարմունքի մերկացումից։ Թող ինչ ուզում է բացվի այսօր։ Նա պատրաստ է ընդհանուր ծաղրի և արհամարհանքի տակ տառապել ու կեղեքվել — փույթ չէ, դա նրա արժանի հատուցումն է։ Միայն մի բան չի կարող տանել — Լիդիայի գարշանքն այն բոլորից հետո, ինչ-որ պիտի ասվի այսօրվա դատի միջոցին։

Ահ, սիրում է նա Լիդիային՝ այսօր ավելի, քան երբևէ, ավելի, քան այն երջանիկ օրը, երբ առաջին անգամ իրավունք ստացավ նրան համբուրելու։ Այլևս կիրքը չէ այդ սիրո ղեկավարը, այլ ուրիշ, ավելի զորավոր մի զգացում — հանցանքի գիտակցությունը և Լիդիայի հոգեկան դրությունը սեփական ոչնչության դեմ։ Սիրում է հիվանդոտ սիրով և, միևնույն ժամանակ, զգում, որ միայն մի կապ կա յուր և Լիդիայի մեջ—