Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/480

Այս էջը հաստատված է

Սերժը։ Մի կապ, սակայն, որ այսօր ավելի ամուր է, քան Լիդիայի նախկին սերը։ Եթե քակտի այդ պողպատյա օղակը, կխորտակվի և նրանց կյանքը։ Այն ժամանակ Լիդիան այլևս նրանը չէ, և ինքը կորած է։

Նրան թվում էր, որ այս րոպեին, մյուս րոպեին Լիդիան ոտքի պիտի կանգնե և գոռա․ «Այս մարդը պղծել է իմ անկողինը, նա ատելի է, գարշելի։ Նա իմ անձնվիրությունը հրապարակ է դուրս բերել և ենթարկում է ձեր ծաղրին, ձեր արհամարհանքին։ Ես զզվում եմ նրանից, բաժանեցեք մեզ, ես չեմ կարող նրա հետ դատվել միևնույն գործով»։ Թվում էր և համոզված էր, որ Լիդիան կարող է այդ անել, եթե Սերժից զրկվի։

Ահա այս պատճառով էր նրա համար թանկ Սերժը։ Հայրական զգացումը երկրորդ տեղ էր բռնում նրա սրտում։

— Դատավորները գա՜լիս են,— հնչեց պրիստավի ձայնը։

Ամենքը ոտքի կանգնեցին։

Լիդիան ցնցվեց և միայն Գուրգենի օգնությամբ կարողացավ ոտքի ելնել։

XI

Ասացին բոլորը, ինչ որ օրենքը պահանջում էր ասել և շատ բաներ, որ բոլորովին կարիք չկար ասելու։

Տվեցին հարցեր՝ «ուրիշի երեխան սեփականացնողների» բարոյական պատկերը լուսաբանելու համար, և հարցեր, որ ամենևին կապ չունեին դատի հետ։

Օրենքի բանալիով բաց արին փակ դռները, խուժեցին նրանց ներքին աշխարհը, քրքրեցին, տակն ու վրա արին, ինչպես հաղթված թշնամու ապրանք։

Դուրս բերեցին նրանց սրտերից զգացումներ, որ եղել էին, և զգացումներ, որ երբեք չէին եղել և որ կարծվում էր, թե պետք է լինեին։ Կորզեցին գաղտնիքներ, որ նվիրական էին նրանց համար և խոստովանություններ, որ աստծուն էին միայն նվիրված։

Ամենից անողոքը դատախազն էր, ամենից չարը հակառակորդի փաստաբանը։ Բայց երկուսն էլ հավասար էին Լիդիայի և Գուրգենի աչքում իրենց չարությամբ։