մեջ վառվեց, միևնույն ժամանակ, կանացի հպարտության կրակը։ Չէ՞ որ, որքան ևս վիրավորած լինի իրան Գուրգենը, նրա կինն է։ Պետք է պաշտպանել նրան այդ մարդկանց առջև։ Պաշտպանել նույնիսկ հակառակ համոզմունքի։
— Ասացեք, մեղադրյալ, ի՞նչ գիտեք ձեր ամուսնու և Զինաիդա Պրոխորովայի հարաբերությունների մասին,— դարձավ նախագահը Լիդիային։— Ասացեք զուտ ճշմարտությունը, որովհետև նրանից է կախված ձեր մոտ գտնվող երեխայի վիճակը:
Գուրգենն ամոթից գլուխը թեքեց կրծքին։
Զինան, ուշադրությունը լարելով, նայեց Լիդիայի կողմը, այս անգամ ոչ-շինծու արհամարհական հայացքով։
— Ինձ ոչինչ հայտնի չէ նրանց հարաբերությունների մասին,— պատասխանեց Լիդիան։
— Չի՞ գանգատվել, արդյոք, ձեր նախկին սպասուհին, որ յուր տերը նրան բռնաբարել է,— հարցրեց Լազմանովը յուր կոշտ, փայտյա ձայնով։
Լիդիան նրան պատասխանի չարժանացրեց։ Լազմանովը շրթունքները կրծոտեց վիրավորանքից և վճռեց հարմար դեպքում խայթել նրա կանացի գոռոզությունը։
— Ուրեմն չի՞ գանգատվել,— հարցրեց նախագահը։
— Իմ աղախինը չէր կարող գանգատվել մի բանի դեմ, որ երբեք չի եղել։ Եվ եթե գանգատվեր էլ, ես նրան չէի հավատալ: Իմ ամուսինը նրան չի բռնաբարել։
— Հետևաբար, դուք համոզված եք, որ մեղքը գործվել է երկու կողմերի համաձայնությամբ, այնպես չէ՞,— հարցրեց նախագահը, որ զգում էր Լիդիայի հպարտությունը և հարգում։
— Ավելի քան համոզված եմ։ Իմ ամուսինը այդ աղջկան չի բռնաբարել։
— Դուք ներկա՞ եք եղել,— մեջ մտավ Լազմանովը մի հրող ժպիտ երեսին։
Լիդիան ամոթից և կատաղությունից կարմրեց, ապա գունատվեց։ Ավելի կոպիտ վիրավորանք նրա ինքնասիրությանը չէր կարելի հասցնել։
— Պարոն պաշտպան,— նկատեց նախագահը, որին նույնպես վիրավորեց անպատկառ հարցը,— ձեր հարցն անտեղի է և գործին չի վերաբերում։