Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/485

Այս էջը հաստատված է

Դատավորները նայեցին միմյանց երեսին։ Երևում էր, որ նրանք չէին սպասում մի անպատված կնոջից այդպիսի խոսքեր։

Դատախազը ժպտաց այն պաշտոնական սառը ժպիտով, որ ուզում էր ասել․ «արդարադատությունը չի կարող ենթարկվել զգացումների զեղմանը»։

Հանդիսատես փաստաբանները շարունակ նայում էին Լիդիային։ Այդ վայրկյանին Լիդիան նրանց թվաց կրկնակի գեղեցիկ։

Հարցուփորձի ենթարկվեց Գուրգենը։ Հաղթահարված Լիդիայի վեհանձնությունից, նա ոչինչ չթաքցրեց, խոստովանեց յուր մեղքը, նկարագրելով եղելությունն այնպես, ինչպես տեղի էր ունեցել, ուշադրություն չդարձնելով ոչ հակառակորդ փաստաբանի հրճվանքի, ոչ դատավորների հեգնական ժպիտների և ոչ հանդիսականների ծաղր ու արհամարհանք արտահայտող դեմքերի վրա։ Նրան թվում էր, որ դատարանի համար չի խոսում, այլ Լիդիայի և զգում էր հոգեկան անհաղթելի պահանջներից իրեն դատապարտելու, նորից զղջալու և նորից թողություն խնդրելու։

Երբ նա ավարտեց յուր անկեղծ պատմությունը, դատախազն ասաց․

— Պարոնայք դատավորներ, ես իմ կողմից գոհ եմ մեղադրյալի ցուցմունքից։

XII

Դարձան երեխայի սեփականացման խնդրին։

Դատախազը հարցրեց Լիդիային․

— Ասացեք, մեղադրյալ, ընդունո՞ւմ եք, որ դուք երեխային սեփականել եք հակառակ յուր հարազատ մոր կամքի։

— Ոչ, չեմ ընդունում։

— Մեղադրողն յուր խնդրագրի մեջ ասում է, որ դուք և ձեր ամուսինը սպառնացել եք զրկել նրան յուր պաշտոնից և վարձից, նույնիսկ սպանել, եթե երեխային չթողնե ձեզ մոտ։

— Աստված իմ, ինչե՜ր է հնարում, այդպիսի բան չի եղել պարոն դատախազ, չի եղել։

— Հապա ինչո՞ւ եք վերցրել երեխային և ահա ամբողջ վեց տարի է, պահում եք ձեզ մոտ։