դատավորներին ու հանդիսականներին։— Պարոնայք դատավորներ, ներկա գործը նշանավոր է ոչ յուր արտաքինով, այլ ներքինով, ոչ այնքան իրավաբանական, որքան հոգեբանական, հասարակական և բարոյագիտական տեսակետներից։ Պարոնայք դատավորներ, խոր մտածողի համար դա մի ամբողջ ողբերգություն է, արժանի Շեքսպիրի գրչին։ Ձեր աչքերի առջև կատարվեց այս սոսկալի ողբերգության վերարտադրությունը, դուք զգացվեցիք։ Դժվար չէ երևակայեչ, թե ինչե՜ր է կրել ու զգացել նա, որ դրամայի գլխավոր հերոսուհին է։
Գյուղից գալիս է տասնուինը տարեկան մի անմեղ աղջիկ, մաքուր, ինչպես այն լայնատարած դաշտերի ձյունը, ուր նա ծնվել է ու սնվել։ Գալիս է հեռավոր երկրից մի կիսավայրենի վայր և ընկնում է մի անկուլտուրական շրջան: Նա յուր հետ բերում է անարատ կուսության հետ և մի խորին, անմեղ հավատ դեպի մարդկանց ազնվությունը, վեհանձնությունը, բարությունը։ Նաև վարդագույն հույսեր յուր ապագայի մասին։ Նա քաղցած է, նա ուտել է ուզում, նա հեռավոր հայրենիքում թողել է օրվա պարենին կարոտ ծնողներ, որոնք սպասում են օգնության նրա կողմից և որոնց նա սիրում էր յուր անապական հոգու ամբողջ թափով։
Ո՞ւր գնա։ Կուլտուրական երկրներում, ուր այնքան լայն ծավալ են ստացել արդյունաբերությունն ու արդյունագործությունը, այդ հարցն իրեն չի տալիս գյուղացին, երբ հողից բաժանվում է: Նրա համար բաց են գործարանների ու հանքերի դռները։ Կապիտալը սպասում է նրան յուր ահռելի ախորժակով և իսկույն յուր ճանկերի մեջ առնում։ Ու սկսում է ծծել նրա արյունը, ծծել որքան կարող է և ապա շպրտել նրան դուրս անպետք արյունաքամ դիակի պես։
— Պարոն պաշտպան, դուք գործից հեռանում եք,— նկատեց նախագահը, որ վաղուց գիտեր Լազմանովի ճառերի սերտած բովանդակությունը... Ի՞նչ գործ ունի այստեղ արդյունաբերությունը, կապիտալը, էլ չգիտեմ:
— Ներեցեք, պարոն նախագահ,— չշփոթվեց Լազմանովը քննվող գործի, ինչպես և կյանքի բոլոր դրամաների հիմքը տնտեսականն է, միմիայն տնտեսականը։ Այո, պարոնայք դատավորներ, այսպես է կուլտուրական երկրներում: