Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/491

Այս էջը հաստատված է

հափշտակում է մի անլեզու, անպաշտպան էակի խիղճը և, հակառակ տիրող օրենքների, մկրտում նրան հայ եկեղեցում։ Պարոնայք դատավորներ, ձեզնից է կախված այս վարմունքն էլ համարել կամ չհամարել հանցանք, բայց ես անհրաժեշտ համարեցի ձեր բարեհաճ ուշադրաւթյունը դարձնել նրա վրա։ Ինչ վերտբերում է դատի նյութական կողմին, ես մեղադրյալներից պահանջում եմ,— երեխային մորը վերադարձնելով՝ ապահովել երկուսի ապրուստը։

— Որքա՞ն եք պահանջում,— հարցրեց նախագահը, թեթևության մի հոգոց հանելով, երբ փաստաբանն ավարտեց։

— Հարյուր հիսուն հազար ռուբլի միանվագ, կամ տարեկան տասնուհինգ հազար ռուբլի։ Նախագահը չկարողացավ զսպել հեգնական ժպիտը։ Ծերունի դատավորը յուր թմրած աչքերը խոշորացրեց։ Երիտասարդը մատիտի ծայրը կոտրեց առջևը դրած թղթի վրա։ Հանդիսական փաստաբաններից ոմանք արագ շուռ տվեցին իրենց երեսները և զարմացած նայեցին Լազմանովին։

Գուրգենն ու Լիդիան հանգիստ նայեցին Սինոփյանին, որի դեմքից սկզբից մինչև վերջը չհեռացավ անդորր հեգնական ժպիտը։

XIII

— Խոսքը պատկանում է մեղադրյալների պաշտպանին,— ասաց նախագահը։

Սինոփյանն ուղղեց պենսնեն ու մի քանի քայլ առաջ եկավ։

Նրա ճառը տևեց ընդամենը կես ժամ։ Իբրև հոգեբան, գիտեր, որ երկարաբանությունը, որքան ևս պերճ լինի, առհասարակ ձանձրալի է։

Իսկ ինչ որ ձանձրալի է, չի կարող ազդել դատավորների վրա։

Երբ մեղադրյալները ասացին ամբողջ ճշմարտությունը, նա ավելի ևս համոզվեց, որ դատը փաստորեն տարված է.— երեխան պետք է անցնե Զինայի ձեռքը։ Մնում էր մի բան — մաքրել Լիգիտյի և Գուրգենի բարոյական նկարագիրն այն արատներից, որ ձգեց նրանց վրա Լազմանովը։