Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/492

Այս էջը հաստատված է

Ահա այստեղ նա ոգևորվեց և գրավեց դատավորների ուշադրությունը, նույնիսկ թմրած ծերունու հետաքրքրությունը շարժելով այնքան, որ նա մի քանի րոպե գլուխը բարձրացրեց, ունքերը վեր քաշեց և ականջ դրեց։

Երբ երկու դատավորներից մեկը հարուստ է, մյուսը աղքատ, մեծ մասամբ հարուստն է տուժում բարոյապես։ Թույլերն ունին մի զորեղ զենք — ամբոխի կարեկցությունը, որի դեմ շատ անգամ աշխարհի զորավորները տկար են։ Մարդկային կանխակալ կարծիքը յուր համակրանքը աղքատին տալով, համակրանքով ճնշում է հարստին։ Օրենքների խորին իմաստն է՝ կեղևն իրենից դեն ձգել և նրանց էության մեջ որոնել ճշմարտությունը։ Եթե մեղադրյալները հարուստ են — չի նշանակում, թե անմաքուր են։ Եթե մեղադրողը աղքատ գեղջկուհի է — չի նշանակում, թե բարոյականության տիպար է։

Մեղադրողի պաշտպանն ասաց, թե յուր պաշտպանյալը շահագործվել է, և այս մասնավոր փաստը հաստատելու համար դիմեց քաղաքատնտեսական գիտությունների օգնությանը։ Մի թեթևսոլիկ թռչնի պաշտպանության համար հրապարակ դուրս բերեց շատ գործածվելուց տաշված ու մաշված թնդանոթներ և սկսեց նրանցից ռմբակոծել կապիտալի պողպատյա պատվանդանը։ Եվ նրա բարձրացրած խլացուցիչ որոտներից մնաց դարձյալ այն, ինչից պետք է սկսեր նա յուր պաշտպանողականը — մի նախկին աղախին և յուր նախկին տերերը։ Մեկը վաճառել է յուր աշխատանքը, մյուսները գնել են։ Մի առօրյա հասարակ առևտուր, որից գոհ են եղել թե գնողը և թե մանավանդ վաճառողը։ Ապացույց, որ առևտուրը տևել է ամբողջ երեք տարի։ Ո՞վ էր խլել վաճառովի կամքը՝ հեռանալ գնողներից ամեն վայրկյան, երբ տեսել է, որ իրեն հարստահարում են։ Ո'չ ոք։ Ուրեմն խոսել շահագործման մասին այս դեպքում — կնշանակե քամի ծեծել տնտեսական փիլիսոփայության մտրակով. մի բան, որ չի կարող հետաքրքրական լինել դատարանի համար․․․

Հետևաբար պետք է դառնալ մյուս մեղադրանքներին։

Բռնաբարո՜ւմ։ Դյուրին է բարդել մարդու վրա մի այդպիսի ծանր մեղք, բայց ապացուցանել դժվար է և անհնարին։