Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/493

Այս էջը հաստատված է

Յուրաքանչյուր բռնաբարման աոաջին և անմիջական հետևանքն է բողոքը։ Ու՞ր է ներկա դեպքում բռնաբարվողի բողոքը բռնաբարողի դեմ։ Չկա։ Պարզ է, որ մոլորությունը փոխադարձ է։ Նա թե մեկինն է, թե մյուսինը։ Այդ, եթե այդ մոլորությունը հանցանք է մեկի համար, ինչո՞ւ չպիտի լինի հանցանք և մյուսի համար։ Եթե քավում է մեկը, ինչո՞ւ չպիտի քավի և մյուսը։

Բայց քավելու կարիք չկա, որովհետև չկա և հանցանք։

Մանո՜ւկը։ Ահա այն առանցքը, որի շուրջը պտտում է ներկա դատը։ Վերցրեք նրան ասպարեզից, և դատն ինքնստինքյան կչքանա։

Ո՞վ է ավելի հարազատ մայր նրա համար. Նա՞, որ աշխարհ է բերել նրան, թե՞ նա, որ ընդունել է. նա՞, որ բերելու օրը ձգել է ճակատագրի հաճույքին, թե՞ նա, որ շպրտվածը վերցրել է փողոցային ցեխի միջից, լվացել, մաքրել, զուգել-զարդարել ու տեղավորել յուր կարոտ սրտի լավագույն անկյունում — մայրության սրբազան վայրում։ Նա՞, որ կամեցել է սպանել նրան յուր արգանդում, թե՞ նա, որ միայն այդ մտքից սարսափել է։ Նա՞, որ վաճառել է փողով, թե նա, որ գնել է ազնվագույն զգացումների արժեքով։ Վերջապես, նա՞, որ վեց տարվա ընթացքում և ոչ մի անգամ հետաքրքրվել է մանկան վիճակով, թե՞ նա, որի համար այդ վիճակն եղել է քնքուշ հոգացողության և անսահման սիրո առարկա։

Պնդել, որ աղքատությունն է ստիպել մեղադրողին հրաժարվել յուր զավակից, կնշանակե մաքրելու փոխարեն ավելի արատավորել նրա բարոյական պատկերը։ Աղքատությունը կարող է ճնշել մայրական զգացումը, բայց երբեք խեղդել և ըսպանել։ Շատ դեպքերում նա սրում է և հիվանդության աստիճանի նրբացնում այդ զգացումը։ Չե՞ն եղել մայրեր, որ իրենց ցամաքած արյունի վերջին կաթիլներով են սնել և մեծացրել իրենց զավակներին։ Ահ, աշխարհի գանձերը չեն կարող մայրերի ոսկրոտ կրծքերից կորզել հարազատներին, եթե միայն այդ կրծքերի տակ կա ծնողական զգացում։

Նայեցեք, մի թե այդ կինը մոր տպավորություն է գործում, մանավանդ այնպիսի մոր, որ վեց տարի զուրկ է եղել