զավակի տեսությունից։ Այդ գեղեցիկ, բայց արտահայտիչ դեմքը, այդ շինծու ատելությամբ լի հայացքը, այդ անընդհատ հոգացողությունը՝ երևալ տխուր և կարեկցության արժանի, ինքնըստինքյան ապացուցանելու համար են՝ թե ներկա դատի մեջ կա կեղծիք։ Ո՞ւր է մայրական կարոտի դրոշմը նրա ճակատի վրա։ Ու՞ր է տառապած հոգու մռայլը նրա աչքերի մեջ: Ոչ, ոչ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մանկան կարոտը չէ, այլ ուրիշ բան։
— Ի՞նչ է այդ բանը։
— Ուշադիր լսելով մեղադրողի պաշտպանի ճառը, դժվար չէ գտնել այն մագնիսը, որ թե՛ պաշտպանյալին, թե՛ պաշտպանողին ձգել, բերել է այստեղ։ Ահ, զուր չէին կրկնվում այդ ճառի մեջ աղքատություն, հարստություն բառերը։ Մարգարե չպիտի լինել գուշակելու համար, որ եթե իմ պաշտպանյալները լինեին ոչ հարուստ, երբեք, երբեք նրանց չէին քաշիլ դատարան և նստեցնիլ մեղադրյալների նստարանի վրա։ Ոչ, պարոնայք դատավորներ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մայրական սերը չէ, այլ շահը, շահը և շահը։ Բայց ես չեմ ուզում ներկա անարդար դատի ամբողջ պատասխանատվությունը գցել նրա վրա։ Քա՜վ լիցի։ Ես գիտեմ, որ չնայելով դատի խորամանկ նպատակին, նա ինքը մի պարզամիտ կին է: Նա գործում է ուրիշների թելադրությամբ։ Թելադրողներից մեկը ձեր առջև է, պարոնայք դատավորներ, իսկ մյուսը թաքնված է կուլիսների ետևում։ Դժբախտաբար, ես չեմ կարող ասպարեզ հանել ներկա բանսարկության այդ գլխավոր հերոսուհու անունը։ Դա ընտանեկան գաղտնիք է։ Բայց առանց այն էլ, պարոնայք դատավորներ, ձեզ համար միանգամայն պարզ է, որ այսօրվա դատը չունե բարոյական և ոչ մի մեղադրանք, ուստի ես խնդրում եմ ազատել իմ պաշտպանյալներին այդ պատասխանատվությունից և գործին նայել միայն նյութական տեսակետից...
Ավարտելով յուր ճառը, Սինոփյանը խնդրեց դատավորներին մերժել Զինայի պահանջը և երեխային թողնել Լիդիայի և Գուրգենի մոտ։
Ոտքի կանգնեց դատախազը։ Խոսեց նա մի ամբողջ ժամ։ Խոսեց չոր ու ցամաք ոճով։ Կրկնեց շատ բաներ Լազմանովի