Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/496

Այս էջը հաստատված է

— Ահ, ի՜նչ մեծ թատրոն է,— հրճվեց Սերժը, երբ հոր ձեռը բռնած, բարձրանում էր դատարանի ընդարձակ սանդուղքով։— Մաման օթյակո՞ւմն է։

— Այո։

Սանդուղքի ծայրում կանգնած էր Սինոփյանը հանգիստ դեմքով։ Նա սպասում էր Գուրգենին։

— Ինչպե՞ս է,— Հարցրեց Գուրգենը․․․

— Բոլորովին հանգիստ։ Ի սեր աստծո, մի հուզվեք, կլինի այնպես, ինչպես ասել եմ։

— Ես ինձ կզսպեմ , սիրտ տվեք նրան...

Երբ մտան դահլիճ, Լիդիան նստած էր յուր տեղում, գլուխը կրծքին թեքած, ձեռքերը դրած ծնկների վրա։

— Ո՞ւր է մաման,— հարցրեց ՍերԺը, այս ու այն կողմ նայելով։

— Ահա նա,— ասաց Գուրգենը մոտեցնելով նրան Լիդիային ։

— Մամա, մամա, ես էլ եկա,— գոչեց Սերժը և, հոր ձեռը բաց թողնելով, վազեց փաթաթվեց Լիդիայի պարանոցին, առանց քաշվելու ներկա եղողներից։

Ըստ երևույթին, Լիդիան պատրաստված էր այդ տեսարանին։ Նա իշխել էր իրան և դատապարտում էր յուր րոպեական թուլությունը։ Սինոփյանի հուսադրիչ խոսքերը նորից կազդուրել էին նրան, նորից հույս ներշնչել։

Նա գրկեց Սերժին լռորեն, սեղմեց կրծքին ջերմագին։ Ա՜հ, ո՞վ կարող է բաժանել նրանց, ո՞ր անողոք օրենքը կամ կոպիտ ուժը։ Սերժը նրանն է, դատավորները կզգան այդ և չեն խլի նրանից յուր կյանքը․․․

Լազմանովն արդեն հրճվում էր յուր հաղթանակով։ Նա դատը տարած էր համարում։

Երեխային անպատճա՛ռ կվերադարձնեն Զինային — այս ամեն մի կասկածից դուրս է։ Բայց ո՞րքան գումարի կդատապարտեն մեղադրյալներին հօգուտ մեղադրողի — ահա գլխավորը։ Նա գիտեր, որ յուր պահանջը մեծ է, բայց դիտմամբ էր այդ մեծ գումարը նետել մեջտեղ, որպեսզի դատավորները գեթ մասամբ հարմարեցնեն իրենց դատավճիռը պահանջի քանակությանը։ Չեն որոշել ամբողջ գումարը, թող որոշեն նրա կեսը, քառորդը․․․