էի դնում, որ ոչ մի սխալով չգրգռեմ նրա բարկությունը դեպի ինձ, այլ ընդհակառակը, որքան կարելի է սիրելի դառնամ նրա աչքում։ Ես ուսումնասիրում էի նրա բոլոր հատկութաններում, որպեսզի նրանց համեմատ վարվեմ նրա հետ: Ինչ տեսակ խոսակցություն, ինչ տեսակ շարժողություն, մինչև անգամ ինչպես ուտել, խմել, նստել, վեր կենալ, որ նրան հավանելի էին, նույն տեսակ էլ ես էի աշխատում խոսել, շարժվել, նստել, վեր կենալ և այլն: Ես այս ամենը աչքի առջև ունեի, որովհետև ամեն օր տեսնում էի, թե ինչպես Մակար աղան բարկանում էր գործակատարների վրա ամենանչին սխալների համար և շատ անգամ սպառնում արձակել պաշտոնից այն գործակատարին, որը գործել էր այս կամ այն չնչին սխալը։ Օրինակ, մի օր նա մեկին մի քանի ապտակներ տալուց հետո քիչ մնաց, որ դուրս աներ մագազինից միայն նրա համար, որ խեղճը սխալմամբ մահուդի մի կտորը դրել էր չիթերի շարքում։ Մի խոսքով, չափազանց մանրակրկիտ և բարկացկոտ մարդ էր Մակար աղան։ Հարկավոր էր շատ մեծ զգուշություն նրան դուր գալու համար։ Եվ ես ամեն կերպ աշխատում էի զգույշ վարվել։
Այսպիսով փոքր առ փոքր ինձ հաջողվեց Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, և օրեցօր հավանելի դառնալ նրա աչքում։ Նա հետզհետե սկսեց ինձ հանձնել այնպիսի գործեր կատարել, որոնք գործակատարի կողմից պահանջում էին քիչ թե շատ հավատարմություն: Օրինակ, փող էր տալիս այս կամ այն վաճառականի մոտ տանելու կամ փոստ ձգելու, ուղարկում էր զանազան տեղերից ապառիկներ ստանալու և այլն:
Մակար աղան ինձ համար մի ձեռք նոր հագուստ էր առել, որովհետև իմը չափազանց պատառոտված էր: Նա յուր անվան լայաղ չէր համարում այդ ցնցոտիների մեջ տեսնել ինձ։ Բավական փոխվել էի ես այդ նոր հագուստի մեջ էլ առաջվա խաչին չէի, ամեն անգամ մագազինում դրած ահագին հայելուն մտիկ տալիս ինքս ինձնով հիանում էի և զարմանում։ «Ահա ինչ ասել է փող մտածում էի, մարդուս բոլորովին փոխում է, ինչպես էի առաջ և ինչպես եմ այժմ։ Հիմա ո՞վ կարող է ասել, որ ես կոշկակար Սարգսի տղան եմ։ Չէ,