է բանեցրել, ես իմ աստվածը,— բղավեց գործակատերից մեկը, հափշտակված Գրիգորի պատմութենով։
— Ահա ինչպես է վերջացրել բանը Մակար աղան ծերունի Թոթովյանցի հետ,— ավարտեց Գրիգորն յուր պատմությունը: Այժմ խեղճը մնացել է չոր տափի վրա, չգիտե ինչ անե. դատարան գնալ չի կարող, որովհետև ոչինչ փաստ չունի, որ Գուլամյանցների վրա հաստատե յուր պարտքը, իսկ առանց փաստերի ոչ ոք չի հավատում նրա խոսքերին։ Հասարակության մեջ գանգատվելու ժամանակ ամենքը ծիծաղում են նրա վրա և չեն հավատում, որ աղա Գուլամյանցները նրան այդքան փող պարտք լինին և չվճարեն։ Եվ ի՞նչպես հավատան, քանի որ շատ լավ ճանաչում են նրան և գիտեն, որ նա յուր կյանքում այդքան փող երբեք չի ունեցել։ Իսկ ճշմարիտը խոստովանվել — ծերունի Թոթովյանցը նույնպես չի կարող, որովհետև գիտե, որ եթե ճշմարիտը պատմի, թե որտեղից և ինչպես է այդ պարտքը գոյացել աղա Գուլամյանցների վրա — կարող է կյանքի վերջին օրերում խայտառակվել, հայտնելով յուր մասնակցությունը Աթոյանցին կողոպտելու մեջ։ Այժմ մարդը մնացել է տանջվելով և գիշեր ու ցերեկ մաշվում է յուր գաղտնի ցավերից և ոչ ոքի չի կարողանում հայտնել: Ճարահատյալ ամեն օր գնում է եկեղեցի և աստծուն աղաչում, պաղատում, որ գոնե նա պատժի աղա Գուլամյանցներին:
— Գիտեք ինչ,— մեջ մտավ մի ուրիշ գործակատար,— ինչ որ վաճառականն է անում, նույնը սովորում ենք անել և մենք: Ո՞ր մեկը մեզանից կարող է պարծենալ, թե ինքը իսկապես ճշմարիտ մարդ է։— Ոչ մեկը։ Ամենքս էլ ոտքից մինչև գլուխ թաթախված ենք կեղտի մեջ։ Օրը հարյուր անգամ սուտ ենք ասում մուշտարիներին խաբում ենք, կտորները պակաս ենք չափում, արժողութենից ավելի գներով ենք ծախում և մի խոսքով, հազար տեսակ սատանայություններ ենք անում, թե ինչ է մեր աղան պիտի օգտվի։ Բայց աղան սրա փոխարեն ի՞նչ է տալիս մեզ։ Նա մեզ ավելի ու ավելի է սովորեցնում խաբել ու կեղծավորել։ Մինչև այսօր մեզանից ո՞ր մեկն է սրտից խոսել Մակար աղայի հետ։ Ամենքս խոսում ենք մի տեսակ, մտածում ենք ուրիշ տեսակ, ամենքս