Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/65

Այս էջը հաստատված է

հետ։ Նա, բոլորովին անջատված, շարունակում էր զվարճությունը առանձին սենյակներում, ուր ոչ մի տղամարդ չէր համարձակվիլ ոտք դնել: Սակայն ադա Գուլամյանցների ընտանիքի վստահությունն ես այնքան գրավել էի, որ առանց որևէ արգելքի, համարձակորեն, իբրև մեկն ընտանիքի անդամներից, մտնում էի կանանց դասի մեջ։ Օգտվելով այս արտոնութենից, որ կրկնապատկում էր մյուս գործակատարների նախանձն, ես ամեն րոպե կարողանում էի հանդիպել Թամարին: Պետք է ասած, որ Թամարը, չնայելով մեր դիրքերի տարբերությանը, բոլորովին գոռոզ չէր նայում ինձ վրա։ Իսկ ես, իհարկե, օգուտ քաղելով նրա պարզ բնավորութենից, ստեպ-ստեպ մոտենում էի նրան և խոսեցնում, ամենաչնչին առիթներ գտնելով։

Երբ մտիկ էի անում նրա գրավիչ դեմքին, իմ գլխում հազար տեսակի մտքեր էին ծագում, իմ ֆանտազիան գրգռվում էր, և ես դարձյալ իմ երևակայության մեջ սկսում էի կառուցանել օդային ամրոցներ։ «Երանի այն բախտավոր մարդուն, մտածում էի, որը պիտի դառնա քո տերը, Թամար։ Բայց ո՞վ պետք է լինի այդ մարդը։ Իհարկե, քաղաքի հարուստներից մեկը կամ ծերացած և մազերը սպիտակած մի տգեղ դրամատեր, որը կտանի քեզ նման գեղեցիկ և թարմ օրիորդին, որպեսզի մի քանի տարում քեզ էլ իրան պես պառավեցնի։ Ախ ոսկի, ոսկի, ինչե՜ր չես անում դու, քո ձեռքովդ ի՞նչ հնարներ չեն անցնում։ Ինչ կլիներ, որ ես էլ ունենայի քեզ, որ այսօր կարողանայի համարձակորեն մտածել Թամարի նման օրիորդի մասին. Բայց մի՞թե առանց հարստության չի կարելի հույս դնել, միթե աղա Գուլամյանցները, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ բախտավորեցնել։ Միթե, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ մի օրում հարստացնել։ Ի՞նչ կպակասի նրանց, եթե իրանց ահագին հարստության մի մասը տան ինձ և Թամարին էլ պսակեն ինձ հետ, ասելով. «տար, Խաչի, ապրիր և զվարճացիր»: Այո, եթե ուզենան, կարող են անել, իսկ ես Թամարի համար ուրիշներից վատ ամուսին չէի լինիլ։ Փառք աստուծո, ի՛նչ բան է պակաս ինձ, բացի հարստութենից։ Ինքս ջահել, խելոք տղա, դեմքով գեղեցիկ, մարմնով առողջ, գործ կատարելում աշխույժ և ժիր: Թող ինձ մի գումար տան և կտեսնեն,