Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/66

Այս էջը հաստատված է

թե ես ինչպես կշահեցնեմ նրան և ինչպիսի վաճառական կդառնամ։ Մի տարում կկրկնապատկեմ, կեռապատկեմ այդ գումարը, կգրավեմ Ռուսաստանի բոլոր վաճառականների հավատարմությունն և, մեծ քանակությամբ նրանցից ապառիկ ապրանքներ բերելով այստեղ, օրեցօր կընդարձակեմ իմ առուտուրի շրջանն և այնուհետև թող մի հատ վաճառական դուրս գա և ինձ հետ համարձակվի մրցել։ Կփախցնեմ մի քանի տարում վաճառականական ասպարեզից նրանց ամենքին և ինքս միայն կմնամ այնտեղ։ Իսկ Թամարը կապրի ինչպես թագուհի...

Այս երևակայությունից հետո, սթափվելով, սկսում էի մտածել, թե հիրավի չի՞ կարելի արդյոք մի կերպ Թամարին տիրանալ։ Չկա՞ն, արդյոք, այնպիսի խորամանկություններ, որոնց միջոցով հնար լիներ այդ թեև դժվար, բայց ոչ անիրագործելի նպատակին հասնել։

Իմ գլուխն ողորմելի գլուխներից չէր։ Ես հավատացած էի, որ նա ընդունակ է ստեղծել հազար տեսակի ծրագրներ իմ հանդուգն ցանկությանը կատարումն տալու համար։ Բայց ժամանակը շատ կարճ էր։ Թամարի 17 տարին լրացած էր. նրա մարդու գնալու ժամանակը հասել էր, այսօր կամ վաղը կարող էր մեկը նշանվել նրա հետ։ Արդեն քաղաքում խոսում էին նրա մասին։ Այս միտքը սկսեց ինձ խիստ զբաղեցնել, և ես գիշեր-ցերեկ տանջվում էի։ Աշխատում էի հնարել զանազան մեքենայություններ, որոնց միջոցով կարողանայի կողմնակի կերպով արգելել Թամարի մարդու գնալը, մինչև որ տեսնեի թե իմ վերջն աղա Գուլամյանցների մոտ ինչպես է լինում։ Հարսանիքից հետո, երբ Թամարը բոլորովին գրավել էր իմ սիրտը, ես րոպե անգամ չէի դադարում նրա մասին մտածելուց։ Վերջապես, գլխումս հղաց՞ավ մի միտք, որ և սկսեց ընդդիմադրել իմ հուսահատության։

Հանդուգն և հանցավոր էր այդ միտքը. իմ կողմից հարկավոր էր մեծ զգուշություն և համարձակություն նրան իրագործելու համար, սակայն ինձ համար այդ միևնույնն էր։ Ես երբեք ինձ նեղություն չտվեցի մտածելու, թե որքան չար և սատանայական էր այդ միտքը, ըստ որում ես արդեն հասել էի այն աստիճանին, որ իմ նպատակն արդարացնում էր ամեն